Այսօրվա իշխանություններից մեծ սպասելիքներ չունենք, քանի որ նրանց համար ղարաբաղյան հակամարտությունը փակ է․ Իսկանդարյան

Այսօրվա իշխանություններից մեծ սպասելիքներ չու...

Այսօրվա իշխանություններից մեծ սպասելիքներ չունենք, քանի որ նրանց համար ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների վերադարձի հարցը փակ է և շատ լավ հասկանում ենք, որ ամեն ինչ անելու են, որ ժամանակի ընթացքում արցախցիներն արտագաղթեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Իրենք հասկանում են, որ արցախցիները, մնալով Հայաստանում, վերադարձի հարցը լինելու է օրակարգում:

Օրվա ընթացքում մեզ են դիմում բազմաթիվ արցախցիներ, ովքեր մնալու տեղ չունեն: Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ: Սա մտահոգիչ է: Բախվելով բազմաթիվ խնդիրների՝ մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ՝ կարիքից:

Ստեղծել ենք «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է օգնել արցախցի տեղահանված զոհված ընտանիքների, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պայթունի զոհ դարձած ընտանքիներին ևս ներառելու ենք:

Ուզում եմ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ, սատարել արցախցիներին: Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ հաջողված բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկե որոշակի արտոնություններով, ժամանակն է, որ իրենք առաջինը գան և հայրենակիցների կողքին կանգնել:

Կոչով և խնդրանքով դիմում եմ ՀՀ նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, երկար տարիներ նրանք ղեկավարել են ՀՀ-ն և վստահ եմ, որ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել որպեսզի արցախցիների խնդիրները մեղմացնենք:

Դիմում ենք նաև մեր հայ բարերարներին՝ Գագիկ Ծառուկյանին,  Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք սփյուռքում մեր հայրենակիցներին սատար կանգնելու և միասին լուծելու  առկա խնդիրները»:

Leave a Comment