Երևանի մթնոլորտային օդում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1,1-4,7 անգամ

Երևանի մթնոլորտային օդում 2025թ․ հոկտեմբերի 8-12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ, այդ մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հղում անելով Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալներին։

Նշվում է, որ փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում դիտվել է փոշու օրական կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1․4-4․7 անգամ:

«Ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան համապատասխանաբար 4.7 և 3.4 անգամ: Ընդ որում, Շենգավիթում փոշու կոնցենտրացիան մոտ 11 անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից»,- նշել են ՇՄ նախարարությունից։

Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում, վստահեցրել են նախարարությունից։

«Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 5-12-ը ընկած ժամանակահատվածում դիտվել են ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1.7-3.2 անգամ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ծծմբի երկօքսիդով գերազանցումներ դիտվել են նաև Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում:

Հոկտեմբերի 10-ի գիշերը Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հրդեհը պատահականություն չէ, այլ դիտավորյալ հրկիզում։ Նույն օրը քաղաքապետն աշխատանքից ազատել էր «Երևանի նոր քաղաքային աղբավայր» քաղաքային ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանին։

Հոկտեմբերի 11-ի առավոտյան ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը հայտնել էր հրդեհի պատճառով Երևանում ծխի մասին։ Երևանի քաղաքապետը նաև զգուշացրել էր օդի աղտոտվածության մասին և կոչ արել մարդկանց սահմանափակել իրենց ժամանակը դրսում։ Հրդեհից հետո Քննչական կոմիտեն հետաքննություն էր սկսել։

Leave a Comment