Երրորդ անգամ․ Նեյմարը և Մեսսին կարող են կրկին խաղալ նույն ակումբում — Armsport.am

«Սանտոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել MLS-ում՝ ներկայիս ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Ինտեր Մայամին» հետաքրքրված է 33-ամյա ֆուտբոլիստով․ ամերիկյան ակումբում ցանկանում են վերամիավորել «Բարսելոնայի» լեգենդար եռյակը, որտեղ Նեյմարը հանդես էր գալիս Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ։

Ամերիկյան ակումբը նախ նախատեսում է երկարաձգել պայմանագրերը Մեսսիի և Սուարեսի հետ, որից հետո կսկսի բանակցություններ Նեյմարի հետ, որը կստանա գրավիչ ֆինանսական առաջարկ։ Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Սանտոսի» հետ լրանում է այս տարվա դեկտեմբերին։

Մեսսին, Սուարեսը և Նեյմարը միասին խաղացել են Իսպանիայի առաջնությունում՝ 2014-ից 2017 թվականներին։ Այդ ընթացքում նրանք միասին խփել են 364 գոլ և կատարել 173 գոլային փոխանցում։ «Ինտեր Մայամին» վստահ է, որ այս լեգենդար եռյակի վերամիավորումը կբարձրացնի թիմի շահույթն ու հեղինակությունը։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Leave a Comment