Սլովակիան ռուսական գազի համար վճարում է ինքնիշխանությամբ՝ համոզված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեկնաբանելով Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա՝ Ուկրաինայի նախագահն այդ երկրի հետախուզական ծառայություններին կոչ է արել հետաքննել իրենց վարչապետի ու Կրեմլի կապերը։ Դեպի Եվրոպա գազի տարանցման հարցն այսօր միջազգային քննարկումների առանցքում է։ Տնտեսագետները չեն բացառում այս հողի վրա լարվածության նոր ալիքը Բրյուսելի ու Կիևի միջև։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատության է ենթարկել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա և բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ֆիցոն և Պուտինը համատեղ հայտարարություններ չարեցին և չպատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։ Նրանք պարզապես հրապարակավ չեն կարող ասել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, քանի որ վախենում են հասարակության արձագանքից»,- X -ում գրել է Զելենսկին։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր, որ այցը կապված է ռուսական գազի տարանցումը դեպի եվրոպական երկրներ շարունակելու ուկրաինական կողմի մերժման հետ։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2025թ. հունվարի 1-ին։ Կիևը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել համաձայնագիրը։ Միաժամանակ Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ պատրաստ են գազ մատակարարել իրենց գազատրանսպորտային համակարգով, եթե վառելիքը Ռուսաստանից չլինի։
Կիևի ու ռուսական «Գազպրոմի» միջև ուկրաինական տարածքով գազի տարանցման մասին պայմանագիրը գործում է 2019 թվականից։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ իրավիճակը կարող է լարվածություն առաջացնել ԵՄ երկրների և Ուկրաինայի միջև։
«Տնտեսական համաձայնագիրը չերկարացնելու պարագայում, և արդեն փաստ է, որ չպետք է երկարացվի, դժվար չէ կանխատեսել, որ հակամարտությունը կտեղափոխվի Ուկրաինայի և եվրոպական երկրների հարաբերությունների դաշտ, որովհետև ակնհայտ է, որ Ուկրաինան է դադարեցնում, և Ուկրաինայի կամենալ- չկամենալուց է կախված եվրոպացիների ճակատագիրը։ Սա, կարծում եմ, լուրջ սպառնալիք է ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության տեսանկյունից»:
Ուկրաինան իր հերթին Սլովակիային փոխհատուցում է առաջարկել ռուսական գազի տարանցումը դադարեցնելու համար, ինչպես նաև օգնություն՝ այլընտրանք գտնելու հարցում, բայց Սլովակիայի վարչապետը հրաժարվել է Կիևի տարբերակներից՝ հստակեցրել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ բացառում է ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու ծրագրերը։ Կիևը թույլ չի տա Ռուսաստանին օգուտ քաղել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից՝ հայտարարել էր նա։
Ուկրաինայի նախագահը նաև գրել է, որ Մոսկվան զգալի զեղչեր է տրամադրում Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին, բայց դրա համար վճարում է Սլովակիան։ Նման զեղչերն անվճար չեն՝ համոզված է Ուկրաինայի նախագահը՝ վստահ լինելով, որ դրանց գինն ինքնիշխանության կորուստը կամ ստվերային սխեմաներն են։
«Նա հետաքրքրված է հատկապես ռուսական գազով, որի արժեքը կազմում է տարեկան 500 միլիոն դոլար: Մյուս կողմից էլ եկամուտները գալիս են ուկրաինական տարածքով անցնող նավթամուղից և տրամադրում են տարեկան ևս 500 միլիոն դոլար, ինչն օգնում է Ֆիցոյին»։
Վերջերս Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում Ֆիցոն էլ ասել էր, որ Ուկրաինայի նախագահի պատճառով Սլովակիան կանգնած է «գազային ճգնաժամի» առաջ։ Նրա խոսքով՝ Զելենսկին բացառել է գազի տարանցման ցանկացած հնարավորություն, քանի որ կասկածում է, որ այն կարող է ռուսական լինել։
Միջազգային լրատվամիջոցներն ընդգծում են, որ Սլովակիայի վարչապետի ու ՌԴ նախագահի միջև երկու օր առաջ կայացած հանդիպումն առաջին անձնական հանդիպումն է 2016 թվականից ի վեր։ Ռոբերտ Ֆիցոն խոստացել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան՝ նշելու Ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ հաղթանակի տարեդարձը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունգարիան նույնպես բանակցություններ է վարում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները շարունակելու հարցում։ Կիևը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է որ այլընտրանքային լուծումները ևս չեն գործի հունվարի մեկից։
«Եվրոպայի ճնշող մեծամասնությունն ուղղակի սառելու կամ ցրտահարվելու լուրջ վտանգի տակ է լինելու, որովհետև անցյալ երկու տարիները խնայելու ռեժիմները, որ մտցվեցին, իհարկե, մասնակի որոշակի ինչ-որ արդյունքներ ունեցան, բայց ընդհանուր առմամբ առաջացրել են եվրոպական երկրների լուրջ դժգոհությունը»։
Մինչ Կիևը բացառում է ռուսական գազի տարանցումն իր տարածքով, եվրոպական շատ երկրներ շարունակում են կախված լինել ռուսական գազից։