Չի կարող լինել հարուստ երկիր զարգացած մայրաքաղաքով և աղքատ մարզերով․ Չի կարող լինել հարուստ երկիր, որտեղ երիտասարդը երազում է ոչ թե իր քաղաքը փոխելու, այլ այն լքելու մասին։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին հայտարարեց շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Ես այսօր խոսում եմ ոչ թե միայն որպես իսկական Գյումրեցի, այլ որպես այն Հայաստանի որդի, որի մեծ մասը մոռացված է քարտեզի եզրերին։ Այն Հայաստանի, որտեղ մարդիկ ապրում են ոչ թե պակաս հայրենասիրությամբ, այլ պարզապես պակաս հնարավորություններով։
Երբ մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետություն, պետք է հասկանանք՝ Հանրապետություն, ոչ թե «Երևան և ռայոններ»։ Հայաստանի ապագան կառուցվելու է ոչ միայն կենտրոնի ուժով, այլ տարածաշրջանների ուժով։ Երբ Գյումրին, Վանաձորը, Գորիսը, Իջևանը, Կապանը ստանան իրական հնարավորություններ՝իրենց զարգացումը ղեկավարելու, իրենց ռեսուրսները կառավարելու, այն ժամանակ Հայաստանը կդառնա ամբողջական պետություն։ Մենք պետք է վերականգնենք տարածքային արդարությունը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։