Չնայած դատական վիճարկմանը՝ «կարմիր գծերի» վճարները կմնան նույնը․ ավագանին հաստատել է 2025թ դրույքաչափերը

Երևանի ավագանին այսօր, ի թիվս այլ հարցերի, հաստատել է «Երևան համայնքում տեղական վճարների 2025թ դրույքաչափերը սահմանելու մասին» որոշումը։ Այս որոշումը վերաբերում է նաև մայրաքաղաքում վճարովի կայանատեղիներին։ Ըստ այդմ, 2024թ գործող սակագները անփոփոխ կմնան նաև 2025-ին, չնայած նախորդ տարվա նույնաբովանդակ որոշումը վիճարկվում է դատարաններում։ Կայանատեղիների թանկացումից 1 տարի հետո քաղաքային ընդդիմությունը արձանագրում է՝ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվել, մինչդեռ իշխանությունը պնդում է՝ թանկացումն իր արդյունքն արդեն տվել է, միայն թե սա համալիր գործողությունների ընդամենը մի քայլն է։

Ընդդիմությունը ու իշխանությունը միմյանց մեղադրում են դատական բանավեճը ավագանու նիստերի դահլիճ բերելու մեջ։ Չնայած ավագանին 32 կողմ ու ընդամենը 1 ձեռնպահ ձայնով հաստատեց «Երևան համայնքում տեղական վճարների 2025թ դրույքաչափերը սահմանելու մասին» որոշումը,  քննարկումը թեժ էր։ Բանավեճի առարկան «Կարմիր գծերով» կայանատեղիների դրույքաչափերն էին։ Քաղաքային իշխանությունը երկրորդ տարին անընդմեջ նույն դրույքաչափերն ու վճարներն է առաջարկում, իսկ քաղաքային ընդդիմությունը հիշեցնում է՝ դատարանն ընդամենը մի քանի օր առաջ է անվավեր ճանաչել «Կարմիր գծերի» վճարները թանկացնելու նախորդ տարվա նույն որոշումը։

«Եթե վերաքննիչ դատարանը այս դեպքում ձեր հայցը չբավարարի, ստացվելու է, որ դուք երկրորդ անգամ նորից տարել եք դեպի թանկացման»,– ասում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հակադարձում է, հիշեցնում է՝ դատարանի որոշումն իշխանությունը չի ընդունում, արդեն հայտարարել են, որ դիմելու են վերաքննիչ դատարան ու հակափաստարկները կներկայացնեն ոչ թե ավագանու, այլ դատարանի դահլիճում։

«Հետևաբար, մինչև չկա վերջնական դատական ակտ, խնդրում եմ մի ներկայացրեք դա ինչպես վերջնական իրողություն»,– ասում է Սուրեն Գրիգորյանը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան

Վարչական դատարանը մի քանի օր առաջ էր հրապարակել վճիռը ու մասամբ բավարարել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայցը։ Ընդդիմադիր խմբակցությունը տարեսկզբին էր դիմել դատարան՝ վիճարկելու «կարմիր գծերով» կայանատեղիների համար նոր վճարներ սահմանող որոշումը, որով, օրինակ, ամբողջ տարի կայանման համար գործող 12000 դրամի փոխարեն քաղաքային իշխանությունը սահմանել է 160 հազար դրամ։

Այժմ քաղաքապետարանն արդեն 2025 թվականի համար է հաստատում կայանատեղիների վճարները՝ չփոփոխելով առայժմ դատական ատյաններում քննվող դրույքաչափերը։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դատարանի որոշումն է մեկնաբանում՝ ընդգծելով՝ թանկացման հիմքում հաշվարկներ չկան։

«Դատարանը արձանագրել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող ավտոկայանատեղիում կայանելը ունի դրույքաչափ, տվյալ դրույքաչափը պետք է պայմանավորված լինի բացառապես տվյալ ծառայության մատուցված ծախսերից։ Նաև դատարանը արձանագրել է, որ Երևան քաղաքում որևիցե փողոց, վարչական շրջան կամ տարածք բեռնաթափելը չի կարող հանդիսանալ հիմք որևէ տեղական վճարի դրույքաչափի բարձրացման համար»։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է՝ 2025թ դրույքաչափերը սահմանելու որոշման հիմքում արդեն իսկ հաշվարկներ կան, հորդորում է գործընկերներին գրավոր հարցում անել ու տվյալներ ստանալ։ Ավագանու ընդդիմադիր անդամ Գրիգոր Իսկանդարյանն էլ ոլորտային հանձնաժողովի նիստում է հաշվարկները լսել, համամիտ չէ իշխանության հիմնավորումների հետ։

«Ես ենթադրում եմ, որ ինքնարժեքի մասին հաշվարկի մեջ դուք գրել եք այն, ինչ մեր հանձնաժողովի նիստում ձեր գործընկերներն էին նշում, այն, որ այնտեղ ասֆալտ անելը կամ աղբ թափելը ներառեք ինքնարժեքի մեջ, ես կարծում եմ նմանատիպ սխալ չեք անի, որովհետև այդ դեպքում, օրինակ, պարգևավճարներն էլ կարող եք ներառել ինքնարժեքի մեջ»,– ասում է Իսկանդարյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյան

Քաղաքային ընդդիմությունը մեկ այլ վերապահում էլ ունի․ վստահ են՝ մայրաքաղաքը ավտոկայանատեղիների թանկացումից հետո չի բեռնաթափվել։ Պնդմանը քաղաքապետ Տիգրան Ավինյանն է արձագանքում, հիշեցնում է՝ աշխարհի ամենատարբեր քաղաքներում է նույն մեխանիզմը գործում․ կենտրոնը բեռնաթափելու համար պետք է սահմանափակումներ ու բարձր վարձավճարներ կիրառել։

«Եթե մենք չենք խոսում Սարյան փողոցի մասին, եթե մենք չենք խոսում գերակտիվ փողոցների, կենտրոնական զոնաների մասին, ես ձեզ վստահեցնում եմ ՝ փողոցներ կան ժամը 300 դրամի փոխարեն 1200 դրամ էլ լինի, այնտեղ իրավիճակ չի փոխվելու, որովհետև, միևնույն է, գալու են ու կանգնեն, բայց, վստահաբար, Խանջյան փողոցում, Մաշտոցի, Սայաթ Նովայի վրա էականորեն տարբերություն կա, եթե ժամանակին 20 րոպե էր պետք պտտվել հիմա հնարավոր է 3 րոպեում էլ կանգնելու տեղ գտնել կայանելու համար»։

2024թ 11 ամիսների ընթացքում վճարովի կայանատեղիներից համայնքային բյուջե է վճարվել ավելի քան 1 միլիարդ 814 միլիոն դրամ, 2023-ին, մինչև վճարի բարձրանալը, կայանելու դիմաց 920 միլիոն 346 հազար դրամ էր հավաքագրվել։ Տարեկան վճարի 13 անգամ թանկացումը միայն 1.9 անգամ է ավելացրել տարեկան հավաքագրվող եկամուտները։ «Ռադիոլուրի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնում են՝ 2024թ տարեկան կտրվածքով ավտոկայանատեղիներից օգտվելու համար 545 միլիոն դրամ է վճարվել, այլ կերպ ասած, 160 հազար դրամ է վճարել 3400–ից ավելի մարդ։ Քաղաքապետարանը հաշվարկել է, որ վճարովի ավտոկայանատեղիներից օգտվողների թիվը 2024 թ. կրճատվել է շուրջ 80 % -ով։ Քաղաքային իշխանությունը նախատեսում է նաև մայրաքաղաքի առանձին հատվածներում եղած կայանատեղիների գործունեությունը դադարեցնել, իսկ առանձին հատվածներում՝ ավելացնել դրանք:

Source link

Leave a Comment