«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է իր մտադրությունը՝ դուրս գալու Սուպերլիգայի նախագծից և վերադառնալու ՈւԵՖԱ-ի հետ երկխոսությանը, ինչին նա կոչ է արել նաև մյուս ակումբներին։
««Բարսան» աշխատում է ՈւԵՖԱ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք ՈւԵՖԱ-ի հետ համաձայնության ենք գալիս՝ հանուն ֆուտբոլի բարօրության, հանուն խաղաղության եվրոպական ֆուտբոլում: Կան բաներ, որոնք և՛ Սուպերլիգան, և՛ ՈւԵՖԱ-ն կարող են համատեղ ուսումնասիրել: Սուպերլիգայի ակումբները պետք է վերադառնան ՈւԵՖԱ: «Բարսան» շատ սերտ կապ է զգում ՈւԵՖԱ-ի հետ»,- նշել է Լապորտան։
2021 թվականի ապրիլին 12 ակումբներ («Ռեալը», «Յուվենտուսը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Միլանը», «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Արսենալը») հայտարարեցին մրցաշարի ստեղծման մասին, սակայն ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո նախագիծը կասեցվեց:
2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական միության դատարանը Սուպերլիգայի և ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի միջև վեճում կանգնեց Սուպերլիգայի կողմը և թույլատրեց մրցաշարին իր գործունեությունը ծավալել առանց այլ կազմակերպությունների թույլտվության։