Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Դուշանբեում քննարկել են TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացումը, հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նրանք խոսել են նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունների և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդման մասին:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծը, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր:
Փաշինյանն այսօր է ժամանել Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
