Արման Թաթոյանի խոսքով` միջազգային մեխանիզմներ են անհրաժեշտ` հասկանալու, թե որքանով է համարժեք Ադրբեջանի կողմից հնչեցվող անհետ կորածների թիվը։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը հայտարարել էր, որ նրանք իբր ունեն մոտ 4 հազար անհետ կորած դեռևս 90-ականների սկզբից։
«Մենք նույնպես ունենք անհետ կորածներ, որոնք 90-ականների պատերազմից են, օրինակ՝ օգոստոսի 30-ը անհետ կորածների օրն է։ Մենք սա պետք է օգտագործենք։ Այս պահին մենք հնարավորություն չունենք ստուգելու, թե, օրինակ, Ադրբեջանն ինչ սկզբունքներով է ղեկավարվել, որ այդ թիվը ներկայացրել է, քանի որ ոչ մի միջազգային մեխանիզմ չի գործում։ Հետևաբար մենք պետք է հասնենք նրան, որ լինեն միջազգային մեխանիզմներ, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,- ասաց Թաթոյանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։