Իսրայելը պնդում է, որ Գազայի հետ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն կառավարության հաստատումից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն կաբինետի հաստատումը ստանալուց հետո, գրում է France 24-ը։

«Արաբական լրատվամիջոցների հաղորդումներին հակառակ՝ 72-ժամյա հետհաշվարկը կսկսվի միայն այն բանից հետո, երբ համաձայնագիրը հաստատվի կաբինետի նիստում, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա այսօր երեկոյան»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

BBC-ն էլ նշում է, որ Անվտանգության կաբինետը նախ կհավաքվի տեղական ժամանակով 17:00-ին ՝ համաձայնագիրը քննարկելու համար, նախքան այն կներկայացվի կառավարության  լիագումար նիստին քվեարկության համար։

Իսրայելում այս որոշումը համարվում է գրեթե անխուսափելի։ Կառավարությունը պետք է հաստատի Իսրայելի բանտերից ազատ արձակվող պաղեստինցի բանտարկյալների վերջնական ցուցակը։ Իսրայելի օրենսդրության համաձայն՝ իսրայելցիներին տրվում է նաև 48 ժամ՝ բողոքարկելու համար դրանում նշված ցանկացած անուն։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գործարքն անվանել է «դիվանագիտական ​​հաջողություն և Իսրայել պետության ազգային ու բարոյական հաղթանակ»։

Այնուամենայնիվ, ծայրահեղ աջ կոալիցիայի նրա դաշնակիցները կտրականապես դեմ են արտահայտվել ՀԱՄԱՍ-ի  հետ ցանկացած գործարքի։

X-ում ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը նշել է, որ պատանդներին տուն վերադարձնելուց հետո անհրաժեշտ է «ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացում»։ Նա նշել է, որ չի քվեարկի գործարքի օգտին, բայց զերծ է մնացել կառավարությունը տապալելու սպառնալիքից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլի շուրջ, որը ենթադրում է պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, և փոխանակումը պետք է տեղի ունենա համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 72 ժամվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment