Քննչական համակարգի բարեփոխումներն ավարտել ենք, հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Քննչական կոմիտեի բարեփոխումների ավարտի մասին և հույս է հայտնել տեսնել դրանց արդյունքները։ Նա այս մասին խոսել է ՔԿ-ի ծառայողի օրվան նվիրված նիստի իր ելույթում։

«Հիմա ունենք երկու քննչական մարմին և արդեն երկրորդ տարին է, որ մենք այս համակարգով ենք աշխատում: Պետք է հետևենք, նաև ընթացքը հասկանանք: Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակը կգա, չնայած պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, տպավորությունները դրական են»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ իրավապահ մարմինների մեծագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև կանխումն ու նախականխումը:

«Ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու դրան: Մեզ պետք է աշխատել հստակ, կանոնակարգված և արդյունավետության բարձրացման՝ շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է՝ իդեալը կամ իդեալի պատկերացումը դա է, որ մենք ամեն հաջորդ փուլի պետք է արձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում և նախականխում հանցագործությունները»,- շեշտել է վարչապետը։

Փաշինյանը կարևորել է  պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը և նշել, որ նաև պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ:

«Կադրային քաղաքականության առումով կրթությունը, այո՛, շատ կարևոր է, սակայն իրականում կարծում եմ, որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետև խիզախությունը գալիս է նաև նրանից, թե մարդը, այնուամենայնիվ,  հասկանո՞ւմ է՝ ինչով  է զբաղված ինքը: Բարոյականությունն էլ, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է»,- նշել է նա:

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է մատնանշել նաև թերությունները, որպեսզի հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե կառավարությունը գոհ է իրականությունից և հավաստիացրել է, որ տեղյակ է բոլոր խնդիրներից, որ առկա են համակարգում։

 

 

 

Leave a Comment