Հասմիկը 9 տարի ենթարկվել է բռնության, 10 տարի պայքարել, որ ապացուցի՝ կատարվածը բռնություն էր․ ի՞նչ կփոխի ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ Հայաստանի դեմ վճիռ է կայացրել ընտանեկան բռնության գործով և կառավարությանը պարտավորեցրել բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանին փոխհատուցել 26 000 եվրո, որից 2000-ը՝ դատական ծախսերի համար։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դեպքի պահին Հայաստանի ներպետական օրենսդրությունը չի տարբերակել ընտանեկան և ոչ ընտանեկան բռնություն հասկացությունները: Ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն կամ ծանրացուցիչ հանգամանք չի դիտարկվել: Արդյունքում՝ խախտվել են տուժողի իրավունքները։

Հասմիկ Խաչատրյանը 9 տարի բռնության է ենթարկվել, ապա 10 տարի պայքարել, որ ապացուցի՝  նախկին ամուսնու և սկեսուրի արարքները համապատասխանում են «ընտանեկան բռնություն» իրավական եզրույթին։ 2013-ից ներպետական բոլոր դատական ատյաններով անցած այս գործն ավելի հայտնի է իբրև «բախտագուշակ Վարսիկի հարսի գործը»։ Ժամանակին հատկապես աղմկոտ էին Գավառի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող նիստերը։ Բռնության ենթարկված կնոջ նախկին ամուսինն ու նրա հարազատները սպառնում էին կնոջը զրկել երեխաներին տեսնելու իրավունքից, խոչընդոտում լրագրողների աշխատանքը։ Հասմիկ Խաչատրյանը հիշում է՝ տարիներ առաջ միայն կյանքը փրկելու մասին էր մտածում․

«Պարզապես կյանքս փրկելու համար տնից փախա, բայց հետագայում ուրիշ տաբերակ չունեի, գիտեի, որ հետ գնալը, նորից նույն բռնության մեջ ապրելը ելք չէ, փորձեցի քիչ-քիչ վերականգնվել, կողքիս էին հոգեբանները, փաստաբանները, նաև ընտանիքս»

2013-ին դատաբժշկական փորձաքննությամբ  պարզվել էր, որ Հասմիկին պատճառվել էին մարմնական բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում ՝ ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի տրավմա, թմբկաթաղանթի պատռվածք, կոշտ, բութ առարկայի հետևանքով առաջացած ձախ ձեռքի և ազդրի հեմատոմա։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասութան դատարանը Հասմիկի նախկին ամուսնու արարքը վերաորակել էր՝ նրան դատապարտելով  մեկուկես տարվա ազատազրկման: Սակայն համաներման կիրառման արդյուքնում վերջինն ազատվել էր պատժից: Չէր բավարարվել նաև Հասմիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցը՝ իր տառապանքների համար փոխհատուցման պահանջով: Դատական ակտը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան, սակայն մնացել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը այն վարույթ չէր ընդունել։  Հասմիկը նշում է՝ այդ ճանապարհին իրավապահ մարմինները՝ սկսած ոստիկաններից, իրեն էին մեղադրում․

«Ոստիկանության արձագանքը այսպիսին էր, որ ոչինչ, դե բոլորիս ընտանիքներում էլ կռիվ լինում է, նույնիսկ ոստիկաններից մեկն ասեց, որ եթե ես մտնեմ տուն, կնոջս ասեմ՝ ինձ մի բաժակ ջուր տուր, ինքը չբերի, բա ինչ պիտի անեմ, պիտի ծեծեմ։ Ոստիկանության աշխատողները շատ արդարացնում էին ծեծն ու բռնությունը ու միշտ ինձ էին հարցնում, թե ի՞նչ պատճառ է եղել, որ ծեծել է, ի՞նչ ես արել, որ ծեծել է»։

Գրեթե նույն վերաբերմունքին էր արժանեցել Հասմիկը նաև դատական ատյաններում․

«Վերաքննիչ դատարանում դատավորներից մեկը ինձ հարցրեց՝ ինչի՞ համար ես մնացել 9 տարի, ինչո՞ւ չբաժանվեցիր շուտ, ես ասեցի, որ ինձ վախեցնում էին, որ չեմ կարող աշխատել, սպառնում էին, որ երեխաներիս կպահեն իրենց մոտ, ընտանիքիս կվնասեն, դատավորն ասեց ուրեմն մի կտոր հացի համար ես մնացել»։

Գոհ չլինելով նման արդյունքից՝ Հասմիկի փաստաբանական թիմը «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի միջոցով դիմեց ՄԻԵԴ։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանն ասում է՝ սա նախադեպային որոշում է, որով առաջին անգամ իրավական առումով արարքը որակվել է իբրև ընտանեկան բռնություն։ Նշում է՝ 2013-ին ընտանեկան բռնությանը վերաբերող առանձին օրենք չկար, հետևաբար որևէ տարբերակում չի դրվել ընտանեկան բռնության և անձի նկատմամբ բռնության այլ ձևերի միջև, և այն քննարկվել է առողջությանը վնաս պատճառելու կամ հարակից այլ դրույթներով։

«Այս պաահին արդարության վերականգումը նա էր, որ ի վերջո Հասմիկի դեպքով ճանաչվեց, որ ընտանեկան բռնություն եղել է, և եթե մենք համեմատենք այդ դրամական փոխհատուցումը, այդ տարիների տանջանքի և այն, ինչի միջով անցավ, իհարկե բավարար չէ, բայց ամեն դեպքում գոնե հասանք նրան, որ ճանաչվեց, որ այն եղել է ընտանեկան բռնություն»։ 

ՄԻԵԴ-ի վճռում նաև հստակ նշվում է, որ դեռևս 10 տարի առաջ պետությունը պետք է ունենար ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական նորմեր՝ մանրամասնում է իրավապաշտպանը։ Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ վճիռը նախ և առաջ իրավական հիմք ու նախադեպ կլինի առաջիկա նույնաբովանդակ դատական գործերի քննության համար։

«Նախ սա իրավական հիմք է՝ հղում կատարելու այս որոշմանը, որովհետև երբ մենք անցնում ենք պետական տարբեր ատյաններով՝ նախաքննության փուլում, երբ կինը անպաշտպան է մնում շատ հաճախ, այստեղ հստակ նշված է, որ առերեսման ժամանակ ամուսինը անարգել է, հարձակվել է կնոջ վրա և մնացել անպաշտպան, այսօր ևս մենք ունենում ենք նման դեպքեր։ Սա մեզ հնարավորություն է տալս հղում անել որոշմանը և ասել, որ այսպիսի գործողությունները ամուսնու կողմից միջազգային իրավունքով ճանաչվում են բռնություն»։

Եթե 2013-ին տարվա ընթացքում 50-60 կին էր դիմում կանանց աջակցության կենտրոն, ապա այս տարի արդեն 488 կին է ստացել կենտրոնի աջակցությունը։ Սա նշանակում է նաև, որ փոխվել են հանրային ընկալումները, կանայք դարձել ավելի իրազեկ ու պաշտպանված՝ եզրափակում են մասնագետները։

Source link

Leave a Comment