Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անցել է արդեն վեց ամիս, և քաղաքական գործընթացներն իրենց իրավական հանգուցալուծումն ստացել են։ Սակայն, դժբախտաբար, մենք շարունակում ենք ականատես լինել մի մտահոգիչ իրականության, երբ իշխանական որոշ շրջանակներ դեռևս չեն համակերպվում ժողովրդի հստակ արտահայտած կամքի հետ: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Երբ իշխանությունը հրաժարվում է ընդունել պարտությունը, իսկ կուսակցական շահը գերադասվում է քաղաքացու օրակարգից, սկսվում են վտանգավոր գործընթացներ, որոնց ականատեսն ենք այսօր Գյումրիում։
Այս ամիսների ընթացքում հետևողականորեն նկատվում են փորձեր՝
- խաթարելու համայնքապետարանի կայուն աշխատանքը,
- արգելակելու համայնքի զարգացման ծրագրերը,
- ճնշում գործադրելու համայնքային ինստիտուտների վրա,
- և ամենասարսափելին՝ ապակայունացնելու իրավիճակը համայնքում՝ արհեստական լարվածություն ստեղծելով։
Սա այլևս ոչ թե քաղաքական անհամաձայնություն է, այլ՝ պետականության համար վտանգավոր քաղաքական վարքագիծ։
Պետք է հստակ ընդգծել՝ քաղաքական մրցակցությունը պետք է առաջնորդվի օրենքով և քաղաքացիական պատասխանատվությամբ։ Նման ապակայունացման փորձերը ոչ միայն անտեսում են ժողովրդի ընտրությունը, այլև ապակայունացնում են պետական ինստիտուտների աշխատանքը՝ հասցնելով անմիջական վնաս համայնքի բնակիչներին։
Հետևաբար այսօրվա իրողությունը պահանջում է`
– Անմիջապես դադարեցնել՝ որևէ ձևով խոչընդոտել համայնքապետարանի և տեղական իշխանության աշխատանքը,
– Զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է միտումնավոր սրել լարվածությունը կամ խաթարել քաղաքի սոցիալ-տնտեսական ծրագրերը,
– Ցուցաբերել քաղաքական հասունություն՝ հարգել ժողովրդի ընտրությունը և ծառայել բացառապես համայնքի շահերին։
– Եվ թույլ չտալ, որ մի ամբողջ քաղաք դառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեղ շահերի գերի։
Պարտությունը երբեք դյուրին չի լինում։ Բայց պարտությունը քաղաքական մշակույթի բացակայության պայմաններում վերածվում է ապակառուցողական և վտանգավոր քաղաքականության:
Գյումրին ունի ընտրված ղեկավարություն, որի առաքելությունն է՝ ծառայել քաղաքին։
Եվ այդ առաքելության ճանապարհին խոչընդոտելն արդեն բացարձակ անպատասխանատվություն է պետականության նկատմամբ»,- գրել է Մելքոնյանը: