Նախկին նախագահների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է այս իշխանությանը. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիսն էր հրավիրել, ձեր դիտարկմամբ՝ որո՞նք էին ասուլիսի մեսիջները:

– Հիմնական մեսիջն այն էր, որ ինքը մասնակցելու է գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին ու հույս ունի, որ իշխանափոխություն կիրականացնի: Բայց ես կարծում եմ, որ անձամբ ինքը չի կարող իշխանափոխություն իրականացնել:

 – Ինչո՞ւ:

– Որովհետև հանրությունը նրան չի ընդունում, նա չունի այդ վարկանիշը, ու եթե իշխանափոխություն լինի, ապա դա կարող է լինել միայն մի քանի ուժերի միավորմամբ՝ Գյումրու սցենարով, բայց ես վստահ չեմ, որ այդ ամենում Ռոբերտ Քոչարյանն է լինելու գլխավոր անձը: 

Քոչարյանը, ինչպես ասացի, չի կարող միայնակ իշխանություն ձևավորել, այսինքն՝ չի կարող 50 + 1 հավաքել, բնականաբար այս պայմաններում պարտադիր պետք է լինեն հետընտրական կոալիցիաներ, ու ինքը կփորձի այլ ուժերի հետ ձևավորել կոալիցիա ու իշխանափոխություն իրականացնել: Առանց դրա նա չունի հնարավորություն, ընդհանրապես այս պահի դրությամբ որևէ մեկը չունի 50 + 1 հավաքելու հնարավորություն, այդ թվում նաև՝ գործող իշխանությունը:

– Պարո՛ն Վարդանյան, ձեր գնահատմամբ՝ երկրորդ նախագահի ուղղակի մասնակցությունը ընտրություններին ավելի շատ խանգարո՞ւմ, թե՞ օգնում է գործող իշխանությանը, որովհետև կարծիքներ կան, որ նախկին նախագահների դերակատարումն ավելի է ուժեղացնում Փաշինյանի իշխանությանը:

– Վստահ եմ, որ այդպես է: Այո՛, նախկին նախագահների մասնակցությունն ուժեղացնում է այս իշխանությանը: Ռոբերտ Քոչարյանը շարունակում է համառություն դրսևորել. նա կարծում է, թե իրավիճակ է փոխվել, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է, ու իր համար նոր դռներ են բացվում, ինչի մասին նաև ինքը խոսեց: 

– Գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած քննադատություններին համակարծի՞ք եք:

– Չեմ կիսում Թրամփի ուղու հետ կապված նրա հոռետեսական մոտեցումները: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն բավականին լուրջ է ներգրավվել այս գործընթացի մեջ, ու բավական մեծ է հավանականությունը, որ այս նախագիծն իրականություն կդառնա:

– Պարո՛ն Վարդանյան, նոր քաղաքական ուժեր են ձևավորվում 2026 թվականին ընդառաջ, հայտնի դարձավ, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ևս մտնում է քաղաքականություն: Այս ակտիվությունը, նոր ուժերի ձևավորումը ավելի շատ օգնելո՞ւ են, թե՞ խանգարելու են ընտրողներին:

– Սա ավելի շատ բարդացնում է քաղաքացիների ընտրության գործը: Փոքրիկ երկրի համար արդեն տասնյակ քաղաքական ուժեր հայտարարել են գալիք ընտրություններին իրենց մասնակցության մասին: Սա Հայաստանի համար մեծ թիվ է, ես վստահ եմ, որ մինչև ընտրությունները այս թիվը կմեծանա, ինչը բարդացնում է ընտրողների վիճակը, որովհետև շատ հաճախ նրանք չեն կողմնորոշվում, թե ում պետք է տան իրենց ձայնը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment