Երևանի ենթակայությամբ գործող դպրոցներում քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով նախատեսվում է սահմանափակել «խելացի» սարքավորումների՝ բջջային հեռախոսների, ժամացույցների, պլանշետների օգտագործումը:
Քաղաքապետարանը դա բացատրում է որպես քայլ, որը նպատակ ունի խթանել ուսումնական գործընթացի արդյունավետությունը և նպաստել դպրոցում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանը։
Գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը հայտարարել է, որ մշտադիտարկում կիրականացվի 15 դպրոցում, տարեվերջին կգնահատվեն աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշներն ու առաջադիմության որակը։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում դպրոցներում «խելացի» սարքավորումների օգտագործման սահմանափակմանը և արդյոք դա կնպաստի՞ ուսումնական գործընթացի բարելավմանը։
Հարցվածների մեծամասնությունը կողմ է արտահայտվել քաղաքային իշխանության որոշմանը՝ ասելով, որ հեռախոսները խանգարում և շեղում են երեխաներին։
«Ընդհանրապե՞ս թույլ չեն տալու։ Շատ ճիշտ է։ Առաջ, երբ հեռախոսներ չկային, երեխաներն ավելի լավ էին սովորում, ավելի պարտաճանաչ էին, կարևորում էին ծնողին, հագանքը։ Հիմա անփույթ են, ավելի շատ ուրիշ բաներից են խոսում, քան դասերից։ Հեռախոսների սահմանափակումը կօգնի ուսումնական գործընթացի բարելավմանը»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից պատասխանեց, որ իր համար զարմանալի են նմանօրինակ որոշումները, քանի որ դասագրքերում կան տեղեկություններ, որոնք երեխաներին հասանելի են միայն հեռախոսների միջոցով։
«Իմ սովորելու տարիներին հեռախոսներ չկային, ինչը շատ լավ էր, բայց, ամեն ինչ շատ արագ է զարգանում, և առանց հեռախոսի հնարավոր չէ։ Կա ևս մի բայց, այս դեպքում ինչո՞ւ են գրքերում QR օգտագործում, եթե դպրոցներում հեռախոսներն արգելում են»,- կարծիք հայտնեց քաղաքացին։
Հարցվածներից մեկն էլ ընդգծեց, որ կողմ է նոր օրենքին, սակայն հեռախոսն անհրաժեշտ է, որպեսզի երեխաները կապի մեջ լինեն ծնողների հետ։
«Դասի ժամանակ կարող են հեռախոսները երեխաներից վերցնել, բայց երեխաները պետք է հասանելիություն ունենան ծնողների հետ կապվելու համար»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
