Պահանջում ենք շտապ դադարեցնել Եղեռնի հուշահամալիրի նկատմամբ իրականացվող վանդալիզմը


Հասարակություն


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ Ծիծեռնակաբերդը, հանդիսանում է ազգային հիշողության, սգի և վերածննդի խորհրդանիշ։ Սակայն վերջին շրջանում այստեղ իրականացվող շինարարական աշխատանքները լուրջ մտահոգություն են առաջացրել մասնագիտական շրջանակներում և հասարակության լայն շերտերում։

Ներկայումս հուշահամալիրում ընթանում են վերանորոգման աշխատանքներ՝ առանց մասնագիտական հիմնավորվածության, առանց համապատասխան փորձագիտական եզրակացությունների և հանրային քննարկման։ Աշխատանքներն իրականացվում են օրենքի խախտմամբ՝ անտեսելով հուշահամալիրի ճարտարապետական և մշակութային արժեքը։

Հուշահամալիրի հեղինակ, ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր և հեղինակային իրավունքների իրավահաջորդ Անահիտ Թարխանյանը իր մտահոգությունն է հայտնում «Հայնախագիծ» ԲԲԸ-ի նախագծով իրականացվող մի շարք վտանգավոր փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Մասնավորապես՝

• Հուշահամալիրի մույթերից ապամոնտաժվում են հսկա բազալտե քարեր։ Դրանք ստեղծվել են՝ համադրելով ժամանակակից և միջնադարյան ճարտարապետական լուծումները։ Քարերի արանքում տեղադրված արճիճներն ապահովում են ջրամեկուսացումը և կանխում բույսերի աճը մույթերի վրա, դրա փոխարեն առաջարկում են բարակ բազալտե սալիկներով մույթերի երեսապատում

• Հավերժության տաճարի շուրջը փորվում է 3.5 մ խորությամբ և 2.5 մ լայնությամբ խրամատ։ Սա թուլացնում է հուշահամալիրի հիմքերը։ Ներկայացված հիմնավորումը համոզիչ չէ․ նշվում է, թե հուշարձանը պետք է պաշտպանվի ջրից, բայց անհասկանալի է՝ որ ջրից, երբ ստորգետնյա ջրերը գտնվում են Ծիծեռնակաբերդի բլրի ստորոտում` հուշահամալիրից 300 մետր ներքև, Հրազդան գետի մակարդակին: Մույթերի շուրջ գտնվող հարթակների բազալտե սալահատակներն ապամոնտաժվում են դրսից և ներսից` ընդհանուր 8 մետր լայնությամբ տարածքով

• Դեպի Հավերժ կրակը տանող բազալտե բոլոր աստիճանները ապամոնտաժվում են` խափանելով ազատ մուտքը դեպի Հավերժ կրակ։ Աստիճանների ապամոնտաժման արդյունքում թուլանում են Հավերժության տաճարի հիմքերը։
Սեպտեմբերին Արթուր Թարխանյանի անվան Հայկական Մոդեռնիզմի թանգարանում անցկացվել է մասնագիտական քննարկում, որի արդյունքում կազմվել է զեկույց՝ նախագծում առկա խախտումների վերաբերյալ։ Քննարկման մասնակիցները հանդես են եկել հետևյալ պահանջներով․
• Շտապ դադարեցնել հուշահամալիրում ընթացող աշխատանքները
• Վերանայել նախագիծը՝ հիմնվելով արդի գիտական հետազոտությունների վրա
• Նախագիծը քննարկման դնել մասնագիտական և քաղաքացիական հանրության հետ
• Աշխատանքներում ներգրավել համապատասխան ոլորտի փորձառու մասնագետների։

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, Արթուր Թարխանյան կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն զեկույցի մանրամասները և հետագա քայլերը։ Միջոցառմանը հրավիրվում են բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները։ 


Leave a Comment