Գալիք ընտրությունների համար Փաշինյանին մնում է մեկ կարգախոս՝ խաղաղությունը․ Ռոբերտ Քոչարյան

Հիշո՞ւմ եք, թե 2018–ին ինչ կարգախոսներով է ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարություն,  կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն. 2021թ․-ին էլի նույն կարգախոսները, նաև Ղարաբաղը պահելու անսասան մտադրություն, Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա ես կուզեի ձեզ հետ մոդելավորել, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ թեզերով պետք է մասնակցի։ Ժողովրդավարությունից դու պետք է խոսես երկու սրբազան և Սամվել Կարապետյանին բանտում պահելո՞վ։ Ի՞նչ ժողովրդավարություն։ Քանի համայնքապետի է կալանավորել։ Սոցիալական արդարության մասով, ինքը աղքատության մակարդակն ընդունել է 24 տոկոսով, հիմա էլ 24 տոկոսի վրա է։ Կոռուպցիայի մասին չեմ խոսում, ինքն այսօր Հայաստանում կոռուպցիայի պարագլուխն է։ Հայաստանի պատմության մեջ ԱՆԻՖ-ի պես 65 մլն դոլարի ոչնչացում չի եղել։ Կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամից 100 մլն–ը գոլորշիանում է հանկարծ։ Ես այդ ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամ էի, պահանջեցի հաշվետվություն։ Պատասխանը հետևյալն էր՝ պետք էր, ծախսել եմ։

Հիմա մնում է մեկ կարգախոս՝ խաղաղությունը։ Մենք էլ պետք է ցույց տանք, որ սնանկ է այդ կարգախոսը, որ սա զինադադար է, ոչ թե խաղաղություն և զինադադար է մեկ մարդու տրամադրությունից կախված։ Սա է։ Եթե չլիներ այս ամենը, ինչը կատարվեց, ընդդիմությունը  կարող էր ասել, որ գալիք ընտրությունների համար Նիկոլ Փաշինյանը գանձ է, որովհետև այս մարդն ասելիք չունի։ Ես գանձ չեմ ասում, ինչ չվերագրեք»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment