ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի:
«Մեզ պարտադրում են երկու ճանապարհ և շարունակ համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է։ Սերմանում են անտարբերություն ու իրար նկատմամբ ատելություն։ Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում՝ քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության»,- ասել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հոլովակում:
Նա շեշտել է, որ պետք է միասին վերականգնել քայքայված քաղաքական համակարգը և ձևավորել իրավունքի պետություն, կառուցել հնարավորությունների երկիր:
Թաթոյանը հանդես է գալիս «Միացե՛ք մեզ հանուն մեր հայրենիքի» կարգախոսով։
«Սա մեկ մարդու ճանապարհ չէ։ Պետք է իրար թև ու թիկունք լինենք, որ կարողանանք այդ ճանապարհն անցնել ավելի ուժեղացած։ Մենք պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի»,- շեշտել է նա:
Մամուլը հոկտեմբերի 4-ին գրել էր, որ Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնելու: Նա 2016-ից 2021 թվականներին ՀՀ օմբուդսմենն էր: Այժմ ղեկավարում է «Թաթոյան» հիմնադրամը:
