Նա լրիվ այլ մակարդակի վրա է Ագուերոյի համեմատ․ Ջեյմի Կարագեր — Armsport.am

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը արտահայտել է իր հիացմունքը «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի նկատմամբ:

Հոկտեմբերի 5-ին Հալանդը դարձել է հաղթական գոլի հեղինակ ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Բրենթֆորդի» դեմ խաղում (1:0)՝ հասցնելով իր խփած գոլերի թիվը ընթացիկ առաջնությունում 9-ի:

«Կարծում եմ՝ մենք ականատես ենք լինում ամենամեծ գոլահարին, ով երբևէ խաղացել է անգլիական ֆուտբոլում: Անկեղծ ասած՝ ես չեմ հիշում Ջիմի Գրիվսին, Դիքսի Դինին և մյուս հին ժամանակների այն լեգենդար խաղացողներին: Բայց ես տեսել եմ Գարի Լինեկերին, Ալան Շիրերին, Հարի Քեյնին ու Յան Ռաշին:

Ինձ համար տարբերություն կա հիանալի կենտրոնական հարձակվողի և իսկական գոլահարի միջև: Այն, ինչ հիմա տեսնում ենք, մի բան է, որ նմանը երբեք չենք տեսել մեր խաղում: Եվ պետք չէ մոռանալ, որ խոսքը այն ակումբի մասին է, որտեղ նախկինում հանդես էր գալիս Սերխիո Ագուերոն՝ երբևէ եղած լավագույն գոլահարներից մեկը:

Նա լրիվ այլ մակարդակի վրա է Ագուերոյի համեմատ: Նա լավագույնն է», — ասել է Կարագերը Sky Sports-ի եթերում:

25-ամյա Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 155 խաղում խփել է 136 գոլ:

Leave a Comment