Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն․ Կարապետյան

«Մեր ձևով» շարժումը մայրաքաղաք Երևանի օրվա առթիվ շուտով կառաջարկի տարբեր խնդիրների բազմազան լուծումներ, ԱԱԾ մեկուսարանից հղված իր ուղերձում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն և հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ: Իր ուղերձում Կարապետյանը շեշտել է, որ Երևանը լիարժեք չի օգտագործում իր ներուժը։

«Այսօրվա Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։ Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները. դրանք, ցավոք, շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ այսօր քաղաքային զարգացման հիմնական ցուցանիշները համարվում են ճանապարհային աշխատանքները և հասարակական տրանսպորտի վերանորոգումը, ինչը, նրա խոսքով, «իրական զարգացման հետ որևէ կապ չունի»։

Կարապետյանի խոսքով՝ կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով։

«Մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած որ դրսում 21-րդ դարն է: Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին: Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար»,- թվարկել է բարերարը։

Նա հավաստիացրել է, որ ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների և մեծ ներդրումների շնորհիվ Երևանը կդարձնեն Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։

Հոկտեմբերի 11-ից սկսվում են Էրեբունի-Երևանի 2807-ամյակի տոնակատարությունները։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև կազմակերպել էր Գյումրիի տոնը։

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

Leave a Comment