Ամերիկյան Apple Inc. ընկերությունը անցյալ շաբաթ իր աշխատակիցներին հայտնել է, որ մի շարք մասնագետներ Vision Pro նոր սաղավարտի նախագծից տեղափոխվում են «խելացի» ակնոցի մշակման նախագիծ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրների խոսքով՝ Apple-ը աշխատում է առնվազն երկու մոդելի ակնոցի վրա։ Առաջինը, որը ներքին կոդով կոչվում է N50, նախատեսվում է ներկայացնել հաջորդ տարի, իսկ շուկա դուրս բերել՝ 2027-ին։ Այս մոդելը կկապվի iPhone-ի հետ, սակայն չի ունենա էկրան։
Բացի այդ, մշակվում է նաև էկրանով տարբերակ։ Սկզբում դրա թողարկումը նախատեսված էր 2028 թվականին, սակայն այժմ ընկերությունը նպատակ ունի արագացնել այդ ուղղությամբ աշխատանքները։
Apple-ը նախատեսել էր 2027 թվականին թողարկել Vision Pro-ի ավելի թեթև և մատչելի տարբերակը։
Հիշեցնենք, որ Meta-ն սեպտեմբերի վերջին վաճառքի է հանել նոր «խելացի» ակնոց՝ ներկառուցված էկրանով։ Այն կարելի է կառավարել հատուկ Neural Band թևնոցի միջոցով, իսկ ամբողջական փաթեթի արժեքը կազմում է 799 դոլար։
Ակնոցի մի ոսպնյակի վրա կարող են ցուցադրվել տեքստային հաղորդագրություններ, տեսազանգեր և Meta-ի արհեստական բանականությամբ օգնականի պատասխաններ։ Լուսանկարներ և տեսանյութեր բեռնելու համար ակնոցն անհրաժեշտ է միացնել սմարթֆոնին։
Նախնական առևտրային նստաշրջանի ընթացքում Apple-ի բաժնետոմսերը թանկացել են 0.4%-ով, իսկ Meta-ի բաժնետոմսերը՝ 0.7%-ով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։
