
Այսօր Թբիլիսիում տեղի կունենա բողոքի ցույց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ։
Ցույցը կազմակերպում են 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք բոյկոտել են գործընթացը։ Այս ուժերը չեն ճանաչել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և «Վրացական երազանքի» կառավարությունը համարում են ոչ լեգիտիմ։ Նրանց առաջնորդները ներկայումս բանտում են։
Ցույցը կսկսվի ժամը 16:00-ին Վրաստանի խորհրդարանի մոտ։ Դրան կմիանան մի քանի երթեր քաղաքի տարբեր վայրերից։ Դրանցից մեկը՝ ուսանողական երթը, կսկսվի ժամը 15:00-ին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից։ Անվճար տրանսպորտ է տրամադրվել շրջանների բնակիչներին։ Վերջին շաբաթներին ընդդիմությունը ակտիվորեն շրջագայում է երկրի տարբեր քաղաքներում՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոցներ։
Որոշ բիզնեսներ նույնպես իրենց աջակցությունն են հայտնել։ Մի քանի բարեր և ռեստորաններ հայտարարել են, որ այսօր կփակվեն, որպեսզի իրենց աշխատակիցները կարողանան մասնակցել բողոքի ցույցին։
Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ենթադրել է, որ ցույցը կարող է ներգրավել ավելի քան 200,000 մարդու։