ՀՀ նախկին նախագահներն ու գործող վարչապետը չնստեցին նույն սեղանի շուրջ․ ներքաղաքական թեժացում՝ բացահայտումների խոստումներով

2024–ի տարեվերջը աչքի է ընկնում ներքաղաքական դաշտի ակտիվացումով։ Ընդ որում, դա տեղի է ունենում բանավեճերի ձևաչափով։ Երևանի գործող և նախկին քաղաքապետների, խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության մեծ բանավեճերից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանավեճի հրավիրեց նաև ՀՀ նախկին նախագահներին։ Նա այդպիսի լուծում է առաջարկում դեռ նախօրեին ծավալված հեռակա բանավեճի համար, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին։ Անկախ նրանից՝ նախագահների բանավեճ կկայանա, թե՝ ոչ, վարչապետը խոստացել է շարունակել բանակցությունների թեման և բացահայտումները։

Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները չընդունեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և հրաժարվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների թեմայով հրապարակային բանավեճից։ Թեև ուղիղ մեկ օր շարունակ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները իրենց անհամաձայնությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի գրառմանն այն մասին, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Պաշտոնաթող նախագահների գրասենյակները տարբեր կերպ են մեկնաբանել բանավեճից հրաժարվելու որոշումը։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի թիմակից, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սոցցանցում գրել է․ «Պատմության դատաստանի առջև PR-ակցիաները անզոր են»։ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահը հիշեցրել է, մեջբերում․

«Պատմությունն արձանագրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարմամբ Արցախն ազատագրվել է և հենց այդ նույն Փաշինյանի նշած 1994 թվականին ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ ստացել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք` ոչնչացվել և հայաթափվել»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձանագրել են, որ 2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից խորհուրդ են տվել բանավեճ կազմակերպել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:

Ստացված մերժումներին ի պատասխան վարչապետ Փաշինյանը հիշեցնում է, որ վեց տարի է նույն մարդիկ իր հետ բանավիճում են հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Իսկ եթե բանավիճելու բան չունեն, վարչապետը խորհուրդ է տալիս գնալ թոշակի և/կամ դատերին, ու ոչ թե ամեն իր ասածը ներկայացուցիչներով և ծանոթ-բարեկամով, իր իսկ խոսքով, «դնեն-վերցնեն»:

 «Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին, կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, ով ինչում է մեղավոր: Նախկին նախագահները շտապեցին հրաժարվել բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել այս մասին։ Ես չեմ կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որ արդեն շարունակվում է չորս գումարած երկու տարի, մինչև 2020 թվականը և դրանից հետո, կիսատ մնա: Ես վճռական եմ, և այդ խոսակցությունը տանելու եմ մինչև վերջ: Ինչ ֆորմատով՝ դա ուրիշ խնդիր է։ Հակառակ դեպքում մեր ժողովրդին կօգնեմ հետևությունները անելու գործում»։

Հայաստանի նախկին և գործող ղեկավարների միջև այս հեռակա բանավեճում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը շտապեց որոշ վերապահումով հաղթանակը շնորհել Նիկոլ Փաշինյանին։

«Քաղաքական խնդիրը լուծվեց։ Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Բայց, այ, Արցախյան խնդրի ու պատերազմի մասին ճշմարտության խնդիրը, որը պետության անունից պետք է լուծեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցավոք, դեռևս լուծված չէ։ Այդտեղ որևէ մեկը չի էլ կարող հաղթել, քանի որ ամեն մեկը, տարբեր չափերով, պատասխանատվության բաժին ունի։ Այդտեղ պետք չի, որ որևէ մեկը հաղթի։ Այդտեղ միակ հաղթողը պետք է լինի ճշմարտությունը»։

Ճշմարտությանը հասնելու գործում, որպես միակ իրատեսական ճանապարհ, քաղաքագիտական դաշտն առաջարկում է նախկին պաշտոնյաներին հրապարակել բոլոր բանակցային առաջարկները և փաստաթղթերը։ Իսկ քանի դեռ դա չի արվում, իշխանություն–ընդիմություն բոլոր ուղիղ բանավեճերը ստանալու են փոխադարձ մեղադրանքների դրսևորումներ, ինչպես եղավ խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության պատգամավորների մեծ բանավեճի ժամանակ Հանրայինի եթերում․

Աննա Գրիգորյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ․ «Այսօր մենք հանգրվանել ենք մի տեղ, որտեղ նախկինում խոսվում էր նշաձողի իջեցման և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին, այսօր նույնիսկ Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ որևէ խոսք չկա։ Բայց կա ադրբեջանական հերթական պահանջը»։

Արսեն Թորոսյան, ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ․ «Այդ ժողովրդի ներկայացուցիչները հրաժարվեցին բանակցություններից»։

Արթուր Խաչատրյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ․ «Ո՞րն է ձեր «կարմիր գիծը»»։

Վահագն Ալեքսանյան, ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ ․ «Մեր «կամիր գիծը» ՀՀ տարածքային ամբողջականությունն է»։

Պակաս աղմկոտ և աղմկահարույց չէր նաև Երևանի գործող և նախկին քաղաքապետների միջև վերջերս կազմակերպված բանավեճը։

Վերջին շրջանում տարածում ստացած այս ձևաչափը նոր ենթադրությունների տեղիք է տալիս։ Հատկապես ընդդիմությունը պարբերաբար խոսում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Թեև ներքաղաքական դաշտը որոշ չափով թեժացել է, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը արտահերթ ընտրությունների նախադրյալներ չի տեսնում․

 «Օբյեկտիվ է, որ կան մարդիկ, ովքեր իսկապես համաձայն չեն վարվող քաղաքական գծին, լինի դա արտաքին քաղաքականության մեջ, թե ներքին քաղաքականության մեջ։ Եթե այդ մարդկանց թիվը լինի այնպիսի կրիտիկական թիվ, որը էր, օրինակ, 2020 թվականի պատերազմից հետո, դա ստիպեց իշխանությանը գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Հիմա ոչ նման ճգնաժամ կա, ոչ էլ նման պահանջ կա հասարակության կողմից՝ գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Անկախ նրանից, թե մի քանի հոգի մտաեզրահանգման են եկել, որ եթե հիմա չլինի այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, փրկելու բան չի մնա։ Դա իրենց անձնական կարծիքն է, որը ըստ էության չի կիսում բավականաչափ քանակությամբ մարդ»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից արդեն բազմիցս հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների օրակարգ չկա, գնում են հերթական ընտրությունների։ Բայց, ամեն դեպքում, քաղտեխնոլոգները սկսել են արձանագրել որոշ տեխնոլոգիաների կիրառում, որը բնորոշ է նախընտրական շրջաններին։

Source link

Leave a Comment