Դավիթ Գրիգորյանը կրկին նշանակվել է դատավորի պաշտոնում – 5tv

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-67-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։

Ավելի վաղ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հակակոռուպցիոն դատարանում գործը քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս այս տարվա հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և ևս մեկ մեղադրյալի անմեղությունը։

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե՛ Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններում, սակայն մնացել է անփոփոխ և մտել օրինական ուժի մեջ։

Leave a Comment