Համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը. Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլերին


Քաղաքականություն


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Այս հիշարժան օրը կարևոր առիթ է կրկին արժևորելու Գերմանիայի հաջողություններն ու ձեռքբերումները, ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքներին անսասան հավատարմությունը։


Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Ջերմությամբ եմ հիշում այս գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։


Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, կայուն զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։





Leave a Comment