նույն շոուն է, որը 2021 թվին կազմակերպվել է, ձեռագիրը չի փոխվել․ Արթուր Սարգսյան

Ես առաջին օրից եղել եմ Սրբազանի կողքին, և մենք հակապետական և հակաօրինական ոչինչ չենք կազմակերպել։ Այս մասին  Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Բնականաբար, նույն շոուն է, որը 2021 թվին կազմակերպվել է, ձեռագիրը չի փոխվել, դա պետական պատվեր է, քաղաքական պատվեր է։ Հանրային մեղադրողներին, ես անկեղծ չեմ մեղադրում, ամեն մարդ ինքն է որոշում իր արարքների և Աստծու առաջ պատասխան տալու, որովհետև բոլորը, դատախազ լինի, պատգամավոր լինի, բոլորս պատասխանատու ենք Աստծո առաջ։

Իրենք են որոշել իրենց ճանապարհը, և այդ գործը տարել են առաջ, պարգևատրվել են Մխիթար Գոշով, վարչության պետ են ստացել, որի համար էլի ուրախ ենք, շնորհավորում ենք։ Դա էլ իրենք են որոշել։

Բայց անկախ այս ամեն ինչից մի հատ կարևոր բան կա. դատախազ լինես, պատգամավոր լինես, կա տղամարդ տեսակ։ Հիմա գործով կա 18 հոգի, պիտի կալանավորվեն, Ազգային ժողովի բարձր ամբիոնից էն օրը հայտարարեցին, որ այ, որ իրենք լինեին, խաղաղության պայմանագիրը չէր ստորագրվի, մենք կխանգարեինք։ Հիմա խաղաղության պայմանագիրն էլ կա, բայց խնդիրը նա է, որ մեղադրյալների մեջ կա կին՝ Լիդիա Մանթաշյանը։ Ես զարմանում եմ, Լիդիա Մանթաշյանի մեղադրանքը կարդալուց հետո իրենք ո՞նց են գնացել իրանց տուն և նայել իրենց կանանց աչքերին։ Գոնե հիմա կամք ունենան, միգուցե իրենց որոշումը փոխվի»,–ասաց նա։

Արթուր Սարգսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մեղադրող քննիչը, քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել էր Մխիթար Գոշ, հիմա գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում»։

 

Leave a Comment