ՔՊ-ականները «Շողակաթը» փակելու գործընթաց են սկսո՞ւմ. News.am – 5tv

News.am-ը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։

ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2–ը։ Նշենք, որ հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։

«Ընթացիկ իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ գործող իրավակարգավորումը սահմանված պահանջներին բավարարող հանրային հեռարձակողների անհրաժեշտ թվի պահպանումը պատճառոըմ է որակական խնդիրներ, մասնավորապես՝ ռեսուրսների դժվարին բաշխվածություն երեք հանրային հեռարձակողի միջև, կրկնվող բովանդակության առաջացում տարբեր հեռարձակողների ծրագրերում, կրթական-մշակութային ծրագրի համեմատաբար ցածր դիտարկվածություն և հասանելիություն, ինչպես նաև կառավարման ծանրություն և գործառնական անարդյունավետություն»,- ասվում է նախագծում։

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին։ Թե որ հանրային հեռարձակողին են ցանկանում եթերազրկել, ՔՊ–ականներն իրենց նախագծում հստակ չեն նշել։ Սակայն ամենայն հավանականությամբ, խոսքը «Շողակաթի» մասին է, որը փակելու մասին ՔՊ–ականները երկար ժամանակ է՝ խոսում են։ Պետք է չմոռանալ նաեւ, որ Փաշինյանը ներկայումս ակտիվ հակաեկեղեցական արշավ է սկսել։

Leave a Comment