Որևէ մեկը չպետք է կարողանա քաղաքական վերմակն իր վրա քաշել․ Աղազարյանը պարզաբանել է իմփիչմենթի գործընթացին իր մոտեցումը

«Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր, ՄԱՍԿ հիմնադիր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթին կմիանա միայն իր և իր համախոհ, ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի առաջադրած թեկնածուով (Էդմոն Մարուքյան)։ Նա նշել է, որ եթե ընդդիմադիր գործընկերների համար այսօր գերխնդիր է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ապա դրա համար ամենահավանական ճանապարհն իրենց նախաձեռնությանը միանալն է։

Armnia Today-ը զրուցել է պատգամավորի հետ՝ խնդրելով մանրամասնել իր դիրքորոշումը և մեկնաբանել ընդդիմության հետ հնարավոր քննարկումները։

-Պարոն Աղազարյան, դուք ձեր 2 ձայնով չեք միանում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի  թեկնածությամբ իմփիչմենթի գնալուն, սակայն առաջարկում եք ընդդիմությանը 34 ձայնով միանալ ձեր թեկնածու, «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությամբ գործընթաց սկսելուն։ Արդյո՞ք սա արդարացի պահանջ է և չի՞ նշանակում փաստացի հրաժարում իմփիչմենթից։

-Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնությունը սկսվեց, ո՛չ «Պատիվ ունեմ»-ը, ո՛չ «Հայաստան» դաշինքը չմիացան նախաձեռնությանը, իսկ ես ու Հակոբ Ասլանյանը հանդես եկանք նախաձեռնությամբ։ Մի որոշ ժամանակ հետո նոր միայն նրանք հանդես եկան նախաձեռնությամբ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ իրենք չմիացան այդ ժամանակ, որովհետև գտնում էին, որ Մարուքյանը Փաշինյանից չի տարբերվում։ Բացի այդ՝ ասում էին, որ Աղազարյանն ու Ասլանյանը հանդիսանում են նրա պրոյեկտը։ Մենք էլ մեր անհաննգստությունն ունենք, որ եթե իրենց իշխանությունների ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, հետևաբար իրենք հիմա ուզում են ոչ թե Փաշինյանին հեռացնել իշխանությունից, այլ վերցնել իշխանությունը։ Հիմա էս հակասությունը ո՞նց լուծենք։

-Եվ ինչպե՞ս եք տեսնում այս փակուղուց դուրս գալու ելքերը։ Ո՞րն է ձեր առաջարկը նախաձեռնողներին։

-Մենք առաջարկել ենք միանալ մեր թեկնածուին ու քննարկել բոլոր նախապայմանները, որպեսզի նրանց անհանգստությունները փարատվեն, ընդամենը 6 ամսով ստեղծել հավասարակշռված կառավարություն, որ որևէ մեկը չկարողանա քաղաքական վերմակը քաշել իր վրա։ Փաշինյանն էլ 6 ամիս կհանգստանա, ու բոլորս գնանք ընտրությունների։ Ստեղծենք մի վիճակ, որ կարողանանք գնալ արդարացի, թափանցիկ ընտրությունների։ Իսկ եթե հիմա մենք կառավարությունը տանք մի քաղաքական ուժի, այն էլ պատմություն ունեցող քաղաքական ուժի, (շատ դրվագներում ոչ դրական պատմություն) բա դրա հետևանքնե՞րը։ Դրա համար մենք խնդրում ենք, որ իրենք միանան մեր նախաձեռնությանը, և բոլոր նախապայմանները հասկանանք, քննարկենք։

-Պարոն Աղազարյան, մամուլը գրել էր, որ հանդիպումներ եք ունեցել «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հետ։ Ի՞նչ եք քննարկել նրա հետ։ Ներկայացրե՞լ եք նրան ձեր մոտեցումը։

-Համբարձումյանի հետ շատ եք հանդիպում, նաև գործերի բերումով, որովհետև ես նույն մարզից պատգամավոր եմ, որտեղ ինքը համայնքի ղեկավար է։ Հանդիպումը պայմանավորված չէ այս ամենով, բայց մենք, իհարկե, մեր հանդիպումների ժամանակ քննարկում ենք նաև այդ թեման։ Ես ներկայացրել եմ իմ պատկերացումները, այո՛։

-Իսկ իր կողմից եղե՞լ է խնդրանք, որ այնուամենայնիվ ընդառաջեք իր թեկնածությանը։

-Մենք ուղղակի քննարկել ենք այդ թեման։ Որևէ խնդրանք չի եղել։

-Ձեզ համար մինչև վերջ հասկանալի՞ է «Հայաստան» դաշինքի մասնակցությունը իմփիչմենթին։

-Իրենք չեն միացել, էդ իրենց հայտարարությունը չի նշանակում միանալ, իրենց հայտարարությունը նշանակում է պատրաստակամություն, ոչ թե միանալ, որովհետև միանալ՝ նշանակում է համապատասխան ձևաթղթի տակ ստորագրել։ Այն ժամանակ, երբ որ իրենք ստորագրած լինեին, ձեր խոսույթը իմ նկատմամբ ավելի ճնշող կլիներ։

Հասարակական գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն իմփիչմենթ անցկացնելու կոչով ապրիլին դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն աջակցել էր նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար փողոցային ճնշումների կոչ էր արել: Սեպտեմբերի 26-ի ԱԺ լսումներին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր իմփիչմենթի գործընթացին միանալու մասին։

Ասլանյանն ու Աղազարյանը մայիսին վարչապետի պաշտոնում առաջարկել էին Մարուքյանի թեկնածությունը։

Արաքսյա Սնխչյան

Leave a Comment