Ի՞նչ է իրականում թաքնված իշխանության պահանջի տակ․ Տիգրան Դումիկյան – 5tv

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․ 

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երկար տարիներ ընդգրկված է Հայաստանի խոշորագույն հազար հարկատուների ցուցակում։ Պետական եկամուտների կոմիտեի 2024թ․-ի հաշվետվության համաձայն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետական բյուջե է փոխանցել 629 մլն 330 հազար ՀՀ դրամ, իսկ միայն 2025թ․-ի առաջին կիսամյակում՝ 338 մլն 147 հազար ՀՀ դրամ։ Այս ցուցանիշներով եկեղեցին զբաղեցրել է համապատասխանաբար 529-րդ և 533-րդ հորիզոնականները։

Այսպիսով, Մայր Աթոռը բարեխղճորեն կատարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային պարտավորությունները։ Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, եկեղեցին ազատված է ընդամենը որոշ հարկերից, մասնավորապես՝ ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրության և իրացման կամ հանգանակությունների ու նվիրատվությունների մասով՝ իր կրթական, սոցիալական գործունեությունից ելնելով։

Հատկանշական է, որ հարևան Վրաստանում, որտեղ, ի դեպ, եկեղեցին ունի մեծ հարգանք ու հեղինակություն, և քաղաքական գործիչները հաճախ են հաշվի նստում կաթողիկոսի և հոգևորականության կարծիքի հետ, պետությունն ամեն տարի բյուջեից զգալի գումար է հատկացնում եկեղեցուն՝ որպես փոխհատուցում խորհրդային շրջանում բռնագրավված ունեցվածքի դիմաց։ Այս տարվա բյուջեում այդ հատկացումները կազմել են շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար։ Մինչդեռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, չնայած օրենքով ամրագրված պետական աջակցության իրավունքին, երբևէ նման պահանջ չի ներկայացրել։

Հետևաբար, օրինաչափ հարց է առաջանում․ ինչու՞ են Հայաստանի վարչապետը և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում եկեղեցու հարկային պարտավորությունների մասին, եթե այն արդեն իսկ համարվում է խոշոր հարկատու։ Ի՞նչ նպատակներ են թաքնված այս գործընթացների հետևում, և արդյո՞ք դրանք չեն մատնանշում ավելի խորքային ու մտահոգիչ միտումներ։

Վերջին տարիների զարգացումները խոսուն են։ 2018թ․-ի իշխանափոխությունից հետո արձանագրվեցին մի շարք փաստեր, որոնք վկայում են Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ թիրախավորված քաղաքականության մասին․ «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» կեղծ նախաձեռնությունը, Վեհափառի ամանորյա ուղերձի՝ Հանրային հեռուստատեսությամբ չհեռարձակումը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հանումը դպրոցական ծրագրից, Վեհափառի Սարդարապատ այցի բռնի արգելափակումը, եկեղեցիները «չուլան» կոչելը, հոգևորականների դեմ քրեական հետապնդումները և վիրավորական արտահայտությունները, վերջապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կազմակերպված արշավը։ Ավելին՝ ուշագրավ է, որ իշխանությունների կողմից եկեղեցու և հոգևորականության նկատմամբ ճնշումների նոր դրսևորումները ժամանակագրական առումով հաճախ իրականացվում են Վեհափառ Հայրապետի՝ որևէ միջազգային հարթակում ազգային ու պետական խնդիրներին առնչվող ելույթներից անմիջապես հետո։ Եթե նախկինում այդ ելույթներին արձագանքում էր հիմնականում միայն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, ապա ներկայում նկատելի է, որ այդ արձագանքը զուգահեռվում է նաև մեր երկրի իշխող քաղաքական վերնախավի կողմից։ Այս սինխրոնության խորքային պատճառների բացատրությունը կարող է բազմաշերտ լինել, սակայն դրանց մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողի դատին։

Այս ամենը փաստում է, որ իշխանությունների վարքագիծը հաճախ ոչ միայն հակասում է Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներին, այլև ունի բացահայտ հակաեկեղեցական բնույթ։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը հստակ արձանագրում է, որ պետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ինքնության պահպանման գործում։ Այնուամենայնիվ, գործող իշխանությունների մոտեցումներում նկատվում է հակասական տրամաբանություն, երբ ազգային արժեքները ներկայացվում են որպես հակապետական։

Արդյունքում՝ «նոր Հայաստանում» արգելվում են ազգային խորհրդանիշները, Արցախի ու արցախահայության իրավունքների մասին հրապարակային խոսելը, Սփյուռքի հետ համագործակցությունը, Հայոց ցեղասպանության փաստի հիշատակումը, հերոսների հիշատակի հարգումը, բարերարների և եկեղեցու գործունեությունը, այլ կերպ ասած՝ հետևողականորեն նսեմացվում է ազգային շահը։

Այս իրողությունների պայմաններում անհրաժեշտ է խորապես խորհել և գնահատել ընթացող գործընթացները, քանի դեռ շատ ուշ չէ․․․»։

 

Leave a Comment