ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում «Բարսելոնայի» դեմ տարած արտագնա հաղթանակը (2:1)։
«Սկզբում մեզ համար դժվար էր։ «Բարսելոնայի» խաղացողները տաղանդավոր են, և նրանք հիանալի տիրապետում էին գնդակին 20 րոպե։ Գոլ խփելուց հետո մեր վստահությունն աճեց, և մենք ձեռք բերեցինք բոլորովին այլ մտածելակերպ։
Եթե դուք ասեք, որ մենք հաղթեցինք մեր ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ, ես կասեի, որ դա սխալ պատկերացում է։ Մենք անցկացրինք եվրոպական ֆուտբոլի ամենակարճ նախամրցաշրջանային հավաքը։ Երբ մարդիկ ասում են, որ մենք հաղթում ենք ուժի և ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ, դա պարզապես կլիշե է։ Ես հպարտ եմ իմ խաղացողներով։ Դուք պետք է իմանաք, թե ինչպես վարվել խաղի հետ և հաղթահարել դժվարությունները», – Էնրիկեի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում փարիզցիները կընդունեն Լևերկուզենի «Բայերին»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով՝ 23:00-ին։