Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ անդամ ոչ բոլոր պետություններն են աջակցում, որ Արևմուտքում սառեցված ռուսական արժութային պահուստներն ուղղվեն Ուկրաինայի համար փոխհատուցման վարկը ֆինանսավորելու ծրագրին. հաղորդում է BBC-ն: Բայց, ըստ նրա, ԵՄ-ն փորձում է հնարավորինս շուտ համաձայնության հասնել։
Կալասը կողմ է սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը փոխհատուցումներ վճարելու համար, որոնք Ռուսաստանը, պատերազմի ավարտից հետո, ի վերջո վճարելու է Ուկրաինային։
«Եթե մենք հաշվի չառնենք այս [ռուսական] ակտիվները, ապա, իհարկե, բեռը կընկնի մեր հարկատուների վրա»,- հայտարարել է Կալասը։
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ արեց՝ Ուկրաինային տրամադրելու 140 միլիարդ եվրո անտոկոս վարկ մի քանի տրանշերով՝ օգտագործելով Եվրոպական կենտրոնական բանկի ավանդային հաշվում պահվող սառեցված ռուսական միջոցները։