ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթում եղած կիքսերը վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, որո՞նք էին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի, պատասխանների մեսիջները, ո՞ւմ էին ուղղված դրանք:

– Ելույթն այս անգամ բավականին սթափ էր ու էմոցիաներից զերծ, խոսույթը՝ հարցադրումներին ի պատասխան, բավականին հիմնավորված: Բայց կար հատկանշական երկու բան, որ քաղաքականության մեջ դրանք համարվում են կիքսեր, երբ քո ղեկավարն է թույլ տալիս դա: ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որտեղ ամեն բառ պետք է կշռադատված լինի: 

Որքան էլ ընդհանուր ելույթը դրական գնահատեցի, այնուամենայնիվ կար երկու դրվագ, որ խայտառակություն էր: Առաջինն այն էր, որ երբ ԵԽԽՎ պատվիրակը Փաշինյանին հարցրեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդգծելով, որ դա Ադրբեջանի շահերից է բխում, նույն կերպ շահավե՞տ է Հայաստանի համար: Կոնկրետ հարցին չպատասխանելով՝ դատապարտող հայտարարությամբ է հանդես գալիս, թե ինչու է կիրառվում այդ մտացածին տերմինը, բայց կարևորը տերմինները չէին, կարևորը բովանդակությունն էր: Եթե Փաշինյանը չգիտի, թե որտեղի՛ց է առաջացել այդ տերմինն ու այսօր դարձել միջազգային քաղաքականության խոսույթի մաս, տերմին, ապա ասեմ, որ դա իր քաղաքակիրթ գործընկեր Ալիևի ու Թուրքիայի առաջ քաշած տերմինն է: 

Այս համատեքստում կար նաև մի կիքս, որը ԵԽԽՎ այդ պատվիրակը կարող էր օգտագործել Փաշինյանի դեմ, ասելով, եթե դուք այդ նույն հատվածն անվանում եք TRIPP, ապա ի՞նչ խնդիր կա «Զանգեզուրի միջանցք» անվան մեջ, ինչո՞ւ չի կարելի այդպես կոչել, եթե հարցը միայն տերմինն է, այլ ոչ թե բովանդակությունը: Այսինքն՝ եթե այդ ճանապարհը հայկական է, մեր սուվերենության ներքո է, ապա ինչպե՞ս կարելի է դրա վրա լինել ոչ հայկական անվանում: 

Երկրորդ մեծ կիքսն այն էր, որ ուղիղ ասաց, թե փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չի համարում:

Սա ՀՀ վարչապետի պատասխանն է, հասկանո՞ւմ եք, ընդ որում՝ նա փախստականների վերադարձը վտանգավոր է համարում խաղաղության գործընթացի համար, իր բառերն եմ մեջբերում: Նման բան ասում են Ալիևը, թուրքերը, պրոթուրքական ու պրոադրբեջանական ուժերը: Նման հայտարարություն կարող է թույլ տալ միայն կոլաբորացիոնիստ անձը, ու այս մարդը ոչ միայն Հայաստանի ղեկավարն է, այլ նաև խոսում է հայ ժողովրդի անունից, սա աբսուրդ է: 

ԼՂ հայերի վերադարձի մասին Փաշինյանն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ, որովհետև Արցախի բնակչությունը օդից չի ընկել այնտեղ, որ մի հատ էլ ինքը կամ Ալիևը որոշի, թե այդ մարդիկ երբ ու որտեղ կարող են վերադառնալ կամ չվերադառնալ: Այսինքն՝ հակամարտության էջն այս մասով առավելևս փակված չէ: 

– Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար հիմնական խնդիրը այդ ճանապարհի անվանմա՞ն մեջ է, այլ ոչ թե՝ բովանդակությա՞ն:

– Այո՛, նա խնդիր է տեսնում զուտ անվանման մեջ, այսինքն՝ պայքարն անվան մեջ է, բայց բովանդակային առումով դա միջանցք է, համենայնդեպս, մինչև հիմա պաշտոնապես չեն հայտարարել, որ այդտեղ հսկողություն են իրականացնելու հայ սահմանապահները: Այդ պարագայում ինչ անվանում ուզում ես տուր, միևնույն է՝ դա իր բովանդակությամբ միջանցք է: 

– Պարո՛ն Կարապետյան, Փաշինյանին կհաջողվի՞ համաձայնություն ձեռք բերել Ալիևի հետ, որպեսզի նա այդ տերմինը այլևս չկիրառի:

– Ես կարծում եմ, որ չի հաջողվելու, որովհետև բազմիցս ունեցել է հնարավորություն Ալիևին ուղիղ այդ մասին ասելու, բայց չի արել: Բայց չնայած ամեն ինչին՝ ամենակարևորն այստեղ բովանդակությունն է, այլ ոչ թե տերմինը: Ընդհանրապես, Հարավային Կովկասում պաշտոնապես հաստատված, միջազգայնորեն ճանաչված մեկ միջանցք գոյություն ուներ՝ Լաչինի միջանցքը, ուրիշ միջանցք որպես այդպիսին չի եղել, ընդ որում՝ այդ միջանցքն այլևս գոյություն չունի, ու ստացվում է, որ հիմա Հարավային Կովկասում միջանցքային տրամաբանություն միջանցքային տերմինաբանությամբ կիրառվում է կոնկրետ Մեղրու շրջանի այդ 44 կիլոմետր հատվածի նկատմամբ: 

Նիկոլ Փաշինյանը կարող է նաև համարձակություն դրսևորել ու ասել Ալիևին, որ եթե նա շարունակի այդ տերմինը կիրառել, ապա ընդհանրապես նման ճանապարհ չի լինելու: Բայց, կարծում եմ, որ նա այդ համարձակությունը չունի, ինքն ընդամենը էն տղան է, որի երկիրը դեռևս Ալբանիա են կոչում, և որը պատերազմում է Կամբոջայի հետ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment