Դեկուն նշել է, թե որ դեպքում կլքի Բարսելոնան — Armsport.am

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հայտարարել է, որ կլքի ակումբը 2026 թվականին, եթե Ժոան Լապորտան պարտվի նախագահի ընտրություններում: Նա ընդգծել է, որ իր գաղափարները համատեղելի չեն այլ ղեկավարության հետ:

Հարցին, թե արդյոք կերկարաձգի իր պայմանագիրը, որը լրանում է 2026-ի ամռանը, Դեկուն Mundo Deportivo-ին տված հարցազրույցում պատասխանել է.

«Եթե ղեկավարությունում փոփոխություններ լինեն, մեր գաղափարները չեն համընկնի: Իմ կարծիքով, այն աշխատանքը, որն այժմ կատարվում է, պետք է շարունակվի ևս մի քանի տարի, քանի որ կատարվում է հիանալի գործ: Եթե գան նոր մարդիկ, ես կհեռանամ: Իմ նախագիծը կապված է Լապորտայի հետ, և եթե նա չլինի, այդ գաղափարն էլ կավարտվի: Խնդիրը նոր պայմանագիր առաջարկելը չէ, ես աշխատանքի կարիք չունեմ: Խոսքը որոշակի կոնցեպտի շարունակման մասին է»,- նշել է պորտուգալացին:

Դեկուն «Բարսելոնայի» սպորտային տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսից: Մինչ այդ՝ երկու տարի, 48-ամյա պորտուգալացին եղել է ակումբի սկաուտ: Ավելի վաղ երկրպագուները սոցիալական ցանցերում պահանջել էին նրա հրաժարականը: Դեկուի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին:

Ժոան Լապորտան 2021 թվականին երկրորդ անգամ դարձել է «Բարսելոնայի» նախագահ: Նրա լիազորությունները կավարտվեն 2026-ի ամռանը, սակայն նա ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է կրկին առաջադրվել ակումբի նախագահի ընտրություններում:

Leave a Comment