Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանդների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում։
Այս մասին Oragir.news-ը զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով նշեց, որ պետք չէ լուրջ վերաբերվել Թրամփի հայտարարություններին։
«Թրամփը մի խմբով մի բան է որոշել, բայց աշխարհն այդ խմբով չի ավարտվում։ Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան համաձա՞յն են այդ որոշման հետ։ Դուք մի տարածաշրջանի մասին եք խոսում, որտեղ հազարավոր շահեր են բախվում։ Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ինչ-որ թուղթ է ստորագրվել։ Կոչվե՞լ է կյանքի։ Ո՛չ։ Ինքը որոշել էր, որ նաև Հայաստանում է խաղաղություն հաստատվելու մեկ օրվա մեջ։ Հաստատվե՞լ է։ Թրամփի ուղին արդեն աշխատո՞ւմ է, թե՞ Ալիևը դեռ «Զանգեզուրի միջանցք» է ասում։ Մի նախադասություն ասելը դեռ չի նշանակում, որ դա կյանքի է կոչվելու։ Եթե բոլոր կողմերը ուզենան, հնարավոր է ստացվի, բայց ես, ոնց որ թե, հասկանում եմ, որ Թրամփի ասած ցանկացած նախադասություն միայն և միայն ամերիկյան շահերն է սպասարկում»,-նշեց քաղաքագետը։
Պողոսյանը նաև խոսեց կոնֆլիկտի բազմակողմ լինելու մասին՝ նշելով.
«Եթե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարող է ունենալ մոտավորապես 10-15 բաղկացուցիչ, ապա արաբա-իսրայելական կոնֆլիկտն ունի 1500 բաղկացուցիչ էլեմենտ։ Չգիտեմ՝ Թրամփի ծրագիրը 1500 բաղկացուցիչի լուծում տալու՞ է, թե՞ ոչ»։