Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

Հուսով եմ՝ հայ գերիների հարցով միջազգային դատական գործընթացները շարունակական կլինեն, որովհեև դրանք իրենց մեջ անվտանգային երաշխիքներ են պարունակում, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ «Միջազգային դատարանների և արբիտրաժ մասնագիտական ծրագրերի» ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։
«Ինչքան էլ Ադրբեջանը չունենա ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, պետք է հասկականք, որ այլ բան ակնկալելը դժվար կլիներ։ Չպետք է միամիտ լինենք՝ կարծելով, որ ամբողջ պատկերն օրերի կամ ամիսների ընթացքում փոխվելու է, Ադրբեջանը կատարելու է միջազգային դատարանների որոշումները։ Կարևոր է, որ միջազգային դատարանների որոշումների կատարմանը  հետամուտ լինելու պրոցեսն անընդհատ լինի»,- ասաց բանախոսը։

Եղիշե Կիրակոսյանը միաժամանակ նշեց՝ իր ընկալմամբ՝ խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով։

«Կարծում եմ՝ իրավական պրոցեսները խաղաղության անկյունաքար են, հիմք են»,- ասաց նա։

Քննարկման բանախոսներից իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան էլ հավելեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել հաղթաթղթեր ունենալ ռազմական ոլորտում, ինրչպես նաև քաղաքական ոլորտում, և միակ ոլորտը, որտեղ հաջողությամբ գործընթացներ են վարվել, հենց իրավականն է։

«Ստացվում է՝ հետ ենք քաշվում մի խաղադաշտից, որտեղ հաղթող ենք եղել և փորձում ենք մնալ մի խաղադաշտում, որտեղ մեզ ծեծել են։ Կարծում եմ՝ գերիների խնդիրը պետք է լուծվի մինչև խաղաղության փաստաթղթերի ուժ ստանալը։ Խաղաղությունը վերևից ընկնող երևույթ չէ. խաղաղությունը ենթադրում է միջավայր, ենթակառուցվածքներ։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղություն չի եղել, քանի որ Ադրբեջանում կա հայերի նկատմամբ պետական մակարդակով քարոզվող ատելություն։ Որպեսզի կարողանանք խեղում ունեցող նման հասարակության հետ խաղաղ ապրել, այդ հասարությանը պետք է պատրաստել խաղաղության, ինչպես երկար ժամանակ պատրաստվել է թշնամանքի։ Դա կրկին պետք է թելադրվի ադրբեջանական իշխանությունների կողմից»,- ասաց Սահակյանը։

Բանախոսը հիշեցրեց՝ խաղաղության նախաստորագրված տեքստում բացակայում է գերիների վերադարձի դրույթը։

«Իմ խորին համոզմամբ գերիների հարցի լուծումն իրատեսականորեն կարող է տեղի ունենալ մինչև խաղաղության պայմանագրի՝ ուժի մեջ մտնելը։ Եթե այդ կրիտիկական կետերում արդյունք չունենանք, այդ անձանց թողնելու ենք բարձր ռիսկայնության պայմաններում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Leave a Comment