Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է օկուպացված Նովայա Կախովկայի «պատգամավորների խորհրդի» ղեկավարը

Քաղաքականություն

01.10.2025 | 14:35

Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքի «պատգամավորների խորհրդի» նախագահ Վլադիմիր Լեոնտևը մահացել է ուկրաինական «Բաբա Յագա» անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է բռնակցված մարզի «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն, գրում է Meduza-ն։

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սալդոն հայտնել էր, որ Լեոնտևը վիրավորում է ստացել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով և գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ Լեոնտևը մահացել է։

2022 թվականի ապրիլին Ուկրաինայի դատախազությունը Լեոնտևին մեղադրանք է առաջադրել կոլաբորացիոն գործունեության համար: Ուկրաինական հետաքննության տվյալներով՝ ապրիլի 2-ին Լեոնտևը սկսել է համագործակցել ռուսական իշխանությունների հետ և «հռչակվել է Նովայա Կախովկայի ժամանակավոր քաղաքացիական վարչակազմի ղեկավար»: Դատախազությունը պնդում է, որ նա կոչ է արել բնակիչներին համագործակցել ռուսական բանակի հետ և խոսել է «ագրեսոր պետության հետ կապեր հաստատելու» անհրաժեշտության մասին:

2023 թվականի մայիսին Լեոնտևը հայտարարել էր, որ իր դեմ մահափորձ է իրականացվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment