Օդեսայում ուժեղ անձրևները հեղեղումներ են առաջացրել․ 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

01.10.2025 | 14:09

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Օդեսայում և Օդեսայի մարզում ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով, գրում է Current time-ը։

Ծառայության Օդեսայի մարզային վարչության ներկայացուցիչ Մարինա Ավերինան հայտնել է, որ շենքի նկուղային հարկում ապրող հինգ հոգանոց ընտանիք է զոհվել։

«Նրանց ալիքը ծածկել է և չեն կարողացել դուրս գալ։ Մի ամբողջ ընտանիք է զոհվել»,- ասել  է նա։

Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը պարզաբանել է, որ մահացել են երկու տղամարդ, երկու կին և ութամյա աղջիկ։

«Եղել են նաև հիպոթերմիայի դեպքեր՝ ջրի հետ երկարատև շփման պատճառով։ Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասել է Կիպերը։

Ավերինան նաև հայտնել է, որ ևս երեք կին է զոհվել․ նրանց տարել է ջրի հոսանքը։ Բոլոր զոհերը Օդեսայի բնակիչներ են։

Ըստ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության՝ փրկարարները տարհանել են մարդկանց, դուրս են բերել մեքենաները, ջուրը դուրս մղել շենքերից և գիշերը որոնել են անհետ կորած աղջկա։ Նրան առավոտյան գտել են մահացած։ Նա 23 տարեկան է եղել։ Ընդհանուր առմամբ, փրկվել է 362 մարդ, 227 մեքենա տարհանվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment