44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյան


Այսօր լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստերի օրակարգ ներառել-չներառելու մասին:


Սիմոնյանը հայտնեց՝ ինքը Անդրանիկ Քոչարյանին (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և քննիչ հանձնաժողովի նախագահ – խմբ.) ասել է, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի, և իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն:


Նա անդրադարձավ մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ինչ-որ միտում կա՝ զեկույցը չհրապարակելու, նշեց՝ խոսքը ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի:


«Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, այլ հարց է, թե դա ինչ ձևաչափով է արվելու, որովհետև նույնիսկ եթե դա մտներ լիագումար նիստ, չէր կարող և չի կարող, միևնույն է, դա լինելու էր փակ ֆորմատով»,- նշեց Սիմոնյանը՝ չբացառելով, որ կարող են փակ ձևաչափով լսումներ լինել:


Նրա խոսքով՝ հնարավոր չէ զեկույց, որտեղ մեր զորամասերի, զինված ուժերի վերաբերյալ տեղեկությունները լինեն ուղիղ եթերում: 


«Հիմա քննարկում ենք, որ իրավական ձևակերպում տանք»,- տեղեկացրեց ԱԺ նախագահը՝ առաջարկելով հիմք ընդունել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը՝ հանձնաժողով ստեղծելու մասին:


Լրագրողները հիշեցրին, որ Քոչարյանը հայտնել էր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի՝ ԱԺ նախագահին է ուղարկվել 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը:  


Ի պատասխան՝ Սիմոնյանը պարզաբանեց՝ պատգամավորը նախ՝ իրավական առումով չի էլ հանձնել այն:


Նա առաջարկեց դիմել Անդրանիկ Քոչարյանին՝ բացատրությունների նպատակով:


«Իր կողմից խնդիր չկա, սա մեկնաբանության խնդիր է: Իր կողմից սխալ է մեկնաբանվում [«Ազգային ժողովի] կանոնակարգ օրենքը»,- նշեց Սիմոնյանը՝ հայտնելով, որ ունի տվյալ հարցի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պատասխանը, ԱԺ իրավաբանական վարչությունից պատասխան, որոնք «բոլորը իդենտիկ են»:


Ճշտող հարցին՝ ինչի հետ կապված իդենտիկ, Սիմոնյանը պարզաբանեց՝ որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա, և դրա համար ունի ոչ միայն իր կարծիքը, այլև համապատասխան երեք հիմնարկի պատասխանը:


«Պարոն Քոչարյանը կարող է ամեն ձև մեկնաբանել, դա իր իրավունքն է, բայց ես նախադեպային իրավունքով չեմ առաջնորդվելու»,- հավելեց ԱԺ նախագահը:


Նրա խոսքով՝ զեկույցը, եթե անգամ ներկայացվեր լիագումար նիստերի ընթացքում, լինելու էր փակ տրամաբանության մեջ:   

Leave a Comment