Այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կայացավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված հայ կինոյի վարպետի ծննդյան 100-ամյակին։
Հայաստանի կենտրոնական բանկը ներկայացրեց և հանձնեց «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը։ Միջոցառմանը ներկա էին մշակույթի, թատրոնի և կինոյի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ ու արվեստասեր հասարակություն։
Արարողությանը հաջորդեց հուշ երեկոն։
Հանդիսատեսը դիտեց վավերագրական ֆիլմ՝ ներկայացնող Մալյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Հուշ-երեկոյի ընթացքում դերասանները բեմ բարձրացան Մալյանի կողմից բեմադրված «Թումանյանի հեքիաթներով» ներկայացումով, որը թատրոնում խաղում են գրեթե 45 տարի։ Այն վաղուց դարձել է դասական և սիրված ստեղծագործություն՝ հանճարեղ Թումանյանի տեքստով ու Մալյանի բեմադրությամբ։
Հենրիկ Մալյանը բացառիկ դերակատարություն ունեցավ հայ կինոյի զարգացման մեջ։ Նրա արվեստը միավորում է ազգային ինքնությունը, մշակութային արժեքները և յուրահատուկ կինոլեզուն։
Մալյանի ֆիլմերը՝ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», «Եռանկյունին» դարձել են հայ կինեմատոգրաֆի դասականներ։ Մալյանի ստեղծագործություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում հայ մարդը՝ իր ցավերով ու ուրախություններով, պայքարով և արժանապատվությամբ։
Հայաստանի կինոյի հիմնադրամը, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իրականացնում է «Մալյան 100» ծրագիրը։ Այն մեկնարկել է դեռ օգոստոսին և ներառում է բազմաթիվ միջոցառումներ Հայաստանի տարբեր մարզերում՝ բացօթյա կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, քննարկումներ։
Ծրագրին միացել են նաև Կենտրոնական բանկը՝ հուշադրամի թողարկմամբ, և Հայփոստը՝ նամականիշի թողարկմամբ, որը ներկայացվեց երեկ։ Մալյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են ողջ տարվա ընթացքում՝ հասնելով նաև արտերկիր։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էլեն Դանիելյան