Եթե դուք՝ որպես ԵՄ, «ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք», «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանն ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նկատելով, որ քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ ժողովուրդներն ու երկիրը պետք է որոշումներ կայացնեն, Միրզոյանը նշել է՝ քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։
«Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, մենք ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, մենք բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։ Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, մենք կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք», – ասել է նա։
Այսպիսով, ըստ Միրզոյանը, պետք է լինենք ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական։
Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթաժողովը Հայաստանում է անցկացվելու՝ 2026թ. մայիսի 4-ին: Միրզոյանը հավելել է, որ դա շատ կարևոր մեխանիզմ է ու հարթակ։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը օգոստոսին հայտարարել էր, որ վիզաների ազատականացման գործընթացն իրատեսական նպատակ է Հայաստանի համար: Դիվանագետի խոսքով՝ Բրյուսելը դրականորեն է գնահատում Հայաստանի կողմից կատարված աշխատանքը:
Հունիսին Հայաստան կատարած այցի ժամանակ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել էր, որ Երևանն ու Բրյուսելը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա են։
