Ռուսական 102-րդ ռազմաբազայի Հայաստանից դուրսբերման հարց օրակարգում չկա. ՌԴ դեսպան

Ռուսական 102-րդ ռազմաբազայի Հայաստանից դուրսբերման հարց օրակարգում չկա, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սյունյաց երկիր»-ի հետ հարցազրույցում:

«Այս մասին հստակ հայտարարել է նաև հայկական կողմը։ Ռուսաստանի ռազմական ներկայությունը շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության կարևորագույն երաշխավոր և տարածաշրջանային կայունության գործոն։ Մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում», – ասել է դեսպանը։

Ռուսական ռազմական ներկայության մասին պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին 25 տարի ժամկետով՝ ավտոմատ երկարացումներով յուրաքանչյուր 5 տարին մեկ։ 2010 թվականին Երևանում երկու երկրների կողմից ստորագրվել է լրացուցիչ արձանագրություն, որը երկարաձգեց Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայման ժամկետը մինչև 2044 թվական՝ նոր հետագա 5-ամյա երկարացմամբ։

Կոպիրկինը մեկնաբանել է նաև Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին») վերաբերյալ՝ ասելով, որ պաշտոնական Մոսկվայի անփոփոխ հիմնարար առաջնահերթություններից մեկն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը։

«Այս ուղղությամբ մենք, բնականաբար, աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների նորմալացմանը։ Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մենք կունենանք մանրամասն պատկերացում, թե ինչպես է այս տրանսպորտային նախագիծը իրականացնում», – շեշտել է դեսպանը։

Ներկա պահին, ինչպես ընդգծել է դիվանագետը, համապատասխան աշխատանքները միայն սկսվում են, և անհրաժեշտ է համաձայնեցնել մանրամասները՝ փոխադրումների ռեժիմների, անվտանգ երթևեկության ապահովման վերաբերյալ։

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում անհրաժեշտ կլինի հաշվի առնել Հայաստանի ԵԱՏՄ անդամության հանգամանքները, ինչպես նաև ռուս սահմանապահների ներկայությունը հայ-իրանական սահմանի վրա՝ հիմնված երկկողմ փաստաթղթերի վրա։ Մյուս կողմից, ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցությունների այս հարցերով, ինչպես հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ», – ասել է նա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին հայտարարել էր, որ այս պահի դրությամբ սրա գործարկման շատ կոնկրետ պայմանավորվածություններ ամերիկյան կողմի հետ դեռ չկան:

Leave a Comment