Անհետ կորածների ծնողները հանդիպել են ԳՇ պետի հետ․ ՊՆ արձագանքը – Armenia Today

Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ՊՆ-ում որևէ հանդիպում տեղի չի ունեցել՝ պնդելով, որ նրանց ընդունել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ ՊՆ-ից հավելել են, որ ԳՇ պետի հետ հանդիպումը տևել է մի քանի ժամ:

Անհետ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 27-ին և 29-ին փակել էին ՊՆ շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում Ասրյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի և ԳՇ պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանի հետ։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին մեկկնարկած ակցիայի ընթացքում ծնողները տեղեկացրել էին, որ նախարարությունից իրենց հավաստիացրել են, որ հանդիպում է լինելու։ Ավելի ուշ գերատեսչության շենքի մոտ քաշքշուկ էր սկսվել այն բանից հետո, երբ, ծնողների խոսքերով, իրենց հայտնել էին, որ հանդիպումը միայն փոխնախարար Արման Սարգսյանի հետ է լինելու։ Ծնողները նշել էին, որ ՊՆ-ում իրենց «խաբել են»։

Պաշտպանության նախարարությունից հակառակն են պնդել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ ակցիայի անմիջապես մեկնարկին նախարարությունից հանդիպման առաջարկ են ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սարգսյանի, իսկ այնուհետև՝ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ։ ՊՆ-ից մանրամասնել են, որ ծնողների պնդումներից հետո հանդիպում է կայացել Ասրյանի հետ։

Գերատեսչությունից նաև շեշտել են, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել:

«Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են-ՊՆ), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- հավելել են ՊՆ-ից։

News.am-ը գրել է, որ անհայտ կորած զինծառայողների ծնողների և Ասրյանի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին՝ երեկոյան ժամը 20։30-ի սահմաններում՝ շուրջ 30 հոգու հետ։ Ծնողներից մեկը կայքին տեղեկացրել է, որ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել։ Կայքի աղբյուրը նշել է, որ Ասրյանը ծնողներին 265 անհետ կորածի ցուցակ է ներկայացրել, մինդեռ պաշտոնական տվյալներով ավելի վաղ 195 անհայտ կորածի մասին էին հայտարարել։

Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ 2024-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, որոնց թվում 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող կա։

Կարդացեք նաև՝ 

Անհետ կորածների ծնողները փակել են ՊՆ շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ

«Մեզ խաբել են»․ անհետ կորածների ծնողները հանդիպման պահանջով փակել են ՊՆ-ի մուտքը

Leave a Comment