Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ

Քաղաքականություն

29.09.2025 | 20:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագայի առաջխաղացմանը ցուցաբերած ուժեղ նվիրվածության կապակցությամբ», – ասվում է Փաշինյանի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքներն է հրապարակել՝ բոլոր արձանագրությունները մշակելուց հետո։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Սանդուի PAS-ը ստացել է ձայների 50,20%-ը։ Երկրորդ տեղում Հայրենասիրական դաշինքն է (24,17%), երրորդ տեղում՝ Այլընտրանքային դաշինքը (7,96%), որոնց հաջորդում են Մեր կուսակցությունը (6,20%) և PPDA-ն (5,62%):

Նախնական գնահատականներով՝ PAS-ը խորհրդարանում կստանա 55 տեղ, մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները միասին կստանան 46 տեղ (Հայրենասիրական դաշինքը՝ 26, Այլընտրանքային դաշինքը՝ 8, իսկ Մեր կուսակցությունը և PPDA՝ 6-ական տեղ): Սա նշանակում է, որ PAS-ը կկարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն՝ առանց կոալիցիայի միանալու:

«Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ քաջ ենք և արժանի, և որ մեզ չեն կարող գնել։ Մենք պատասխանատվություն ցուցաբերեցինք թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։Երեկ և ողջ ընտրարշավի ընթացքում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք միասնական լինել, և մենք պետք է միասնական մնանք մեր ամենօրյա ջանքերում՝ Մոլդովայի զարգացմանը միասին նպաստելու համար։ Ընտրությունների արդյունքը որևէ կուսակցության կամ ընտրողների հաղթանակy չէ։ Այն երկրի հաղթանակ է, և մենք պետք է այն օգտագործենք ի շահ  բոլոր քաղաքացիների»,- ընտրությունների արդյունքները մեկնաբանել է Մոլդովայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment