Վաշինգտոնը կարող է Tomahawk հրթիռներ ուղարկել Ուկրաինա. Վենս


Միացյալ Նահանգները քննարկում է Կիևին Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը, քանի որ Մոսկվան շարունակում է մերժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ երկկողմ և եռակողմ խաղաղության բանակցությունները, կիրակի հաստատել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։


Fox News-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ սպասում են նախագահ Թրամփի վերջնական որոշմանը։


«Նախագահը կանի այն, ինչ համապատասխանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին»,- ասել է փոխնախագահը։


Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անցյալ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Թրամփին խնդրել է Կիևին մատակարարել Tomahawk թևավոր հրթիռներ, որոնք ունեն մինչև 2500 կմ հեռահարություն։


ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է այդ թեմային: Նա ասել է. «Մենք իսկապես լսել ենք այս հայտարարությունները և ուշադիր վերլուծում ենք դրանք: Իհարկե, մեր ռազմական մասնագետներն ուշադիր հետևում են դրանց։ Հարցն այն է, թե ով է արձակելու հրթիռները՝ ուկրաինացիները, թե՞ ամերիկացի զինվորականները»։

Leave a Comment