Պետք է անել հնարավորը պետություն-եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել եկեղեցու վրա և հաջողության հույս ունենալ, ԱԱԾ մեկուսարանից արված իր ուղերձում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Գործարարն իր ուղերձում նշել է, որ պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորելու վերոնշյալ խնդիրը դրված է իր նախաձեռնությամբ ստեղծված «Մեր ձևով» շարժման կազմում գործող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի առաջ։
«Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը, վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է, ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը»,- հավելել է Կարապետյանը։
Խոսելով խմբի մյուս առաջնային խնդիրների մասին՝ նա շեշտել է, որ ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը հայ ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, որի հարցում շարժումը նույնպես անելիք ունի։
«Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե՛ բարոյական կերպարը, թե՛ առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել»,- ընդգծել է գործարարը։
Կարապետյանը շեշտել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ազգային նկարագրի, բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է՝ հարց բարձրացնելով. «Այս բացառիկ արժեքի ո՞ր մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով։ Բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։ Անելու ենք՝ մեր ձևով»։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու և Մեղրիում բնակարանային ներդրումների առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև հայտարարել էր, որ կկազմակերպի Գյումրիի տոնը։
Կարդացեք նաև՝
