Երևանը պատրաստ է դառնալ կամուրջ՝ էկոհամակարգերի, երկրների և կայուն ապագայի տեսլականների միջև. Համբարձում Մաթևոսյան


Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառումը։


 


 


Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ` ներկայացնելով Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի նախագահության շրջանակում։


 


Նախարարն ընդգծել է, որ մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել այս համաշխարհային համաժողովը։ Հայաստանը նախագահությունը ստանձնում է վճռականությամբ՝ առաջնորդվելով ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և գործնական քայլերի արժեքներով։


 


Նա նշել է, որ Հայաստանի նպատակն է համախմբել ոչ միայն կառավարություններին, այլև բնիկ ու տեղական համայնքներին, երիտասարդներին, կանանց, քաղաքներին ու տարածաշրջաններին, գիտնականներին, բիզնեսին ու ֆինանսական կառույցներին՝ մեկ միասնական համայնք ձևավորելու համար՝ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանության։


 


 


Այս նպատակով, մինչ COP17-ը, Երևանում նախատեսվում է կազմակերպել տարածաշրջանային երկխոսություն, տեխնիկական խորհրդակցություններ և pre-COP միջոցառումներ։ Հայաստանը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի խոստումները վերածվեն իրական գործողությունների, իսկ գործողությունները՝ վերականգնված էկոհամակարգերի։


 


Երևանը պատրաստ է բաց դռներով ողջունել աշխարհին և դառնալ կամուրջ՝ էկոհամակարգերի, երկրների և կայուն ապագայի տեսլականների միջև։


 


Դիտումների քանակ11

Leave a Comment