Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը

Հասարակություն

28.09.2025 | 14:07

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է 2026 թվականին Հայաստանում  անցկացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը։ Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել սեպտեմբերի 26-ին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային համտես-մրցույթը համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որը ունի 30 տարվա փորձ։ 2026թ․-ին մրցույթը հյուրընկալելու նպատակով, Հայաստանից բացի, հայտ էին ներկայացրել նաև Վրաստանը, Ռումինիան, Մոլդովան։

«Հաշվի առնելով մեր երկրի հարուստ գինեգործական և պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև վերջին տարիներին ոլորտի զարգացման աճի տեմպերը, միջազգային մեծամաշստաբ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները, մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ և ՀՀ կառավարության և Մոնդիալ դե Բրյուսել մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության միջև 2025 թվականի փետրվարի 1-ին կնքվել է հուշագիր»,-նշվում է հիմնավորման մեջ։

Այսպիսով, նախագծով առաջարկվում է՝

– Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին իրականացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը, որի կազմակերպիչ է հանդիսանում Վինոպրես (Vinopres S.A.) ընկերությունը։

– Հաստատել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես – մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը:

– Սահմանել, որ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես – մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվելու է «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի կողմից։

– Թույլատրել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին մինչև 2025 թվականի հոկտեմբերի 10-ը կնքել համապատասխան պայմանագիր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես – մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության հետ՝ հստակ սահմանելով, որ նախապատրաստական աշխատանքները մեկնարկում են 2025 թվականից։

Leave a Comment