Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից հնարավոր թերացումների փաստին, ասաց, որ դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ:
«Վստահեցնում եմ, որ եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են իրենց պատասխանատվությունը»,- ընդգծեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՆԳ նախարարը հենց առաջին օրվանից եղել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը:
«Հենց այս պահին էլ գտնվում է Վաղարշաապտի բաժնում և ղեկավարում է աշխատանքները»,- հայտնեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ձերբակալված Նարեկ Օհանյանը միայնակ է գործել, հայտնեց՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է վարկածին, թե սպանության թիրախում եղել է քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, նշեց՝ դա այս պահի դրությամբ հիմնազուրկ պնդում է:
«Ցավոք սրտի, մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Նա մեր լավագույն գործընկերներից էր, ծառայության մեջ էր 2012 թվականից, ավարտել էր Ոստիկանության կրթահամալիրը»,- ասաց ՆԳՆ խոսնակը:
Նրա խոսքով՝ ոստիկանը այս պահին ծառայության մեջ չի գտնվել, այլ ընկերական հարաբերություններէ ունեցել Փարաքարի համայնքապետի հետ: