Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոլորտի հետ կապված բոլոր բարեփոխումներն իրենց ընթացքը շարունակելու են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՊՆ-ի բյուջեն 2026-ի համար ինչ հիմնավորմամբ է կրճատվել։
«Պաշտպանական բյուջեի, ձեր ձեւակերպմամբ, կրճատման վերաբերյալ վարչապետը ԱԺ-ում ի պատասխան պատգամավորի հարցին, հանգամանորեն ներկայացրել է։ Ամենից կարևորը, որ որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու և դա ընթացս իր տրամաբանական ավարտին հասնելու է»,- նշել է նա։
Հարցին՝ արդյոք միջոցների կրճատումը չի ազդելու ռազմական գնումների ծավալների վրա, փոխնախարարն ասաց. «Նախ, ի պաշտոնե ես ֆինանսաբյուջետային այդ ոլորտային խնդիրներին չափից ավել ծանոթ չեմ և ես չեմ ցանկանում ոչ մասնագիտական հիմնավորումներ ներկայացնել, որոնք հետո կարող են քննարկման առիթ դառնալ»։
Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ինչու է կրճատվում պաշտպանական բյուջեն և ո՞ր ծրագրերն են տուժելու դրանից։