Չինաստանի ցածր բարձրության ուղևորափոխադրումների սարք արտադրողները կարծում են, որ Հոնկոնգը մոտ ապագայում կդառնա թռչող ավտոմեքենաների համար կարևոր շուկա։ Այս մասին հայտարարել է Aerofugia թռչող սարքեր արտադրող ընկերության արտադրանքի թողարկման ավագ մենեջեր Հոու Ին։
«Հոնկոնգի տնտեսական ծավալը զգալի է, իսկ սպառման մակարդակը՝ համեմատաբար բարձր: Քաղաքի փոքր տարածքը նշանակում է, որ ցամաքային երթևեկությունը, որպես կանոն, շատ ծանրաբեռնված է։ Այս պայմաններում քաղաքում ցածր բարձրությամբ տեղափոխության զարգացումը համապատասխանում է Հոնկոնգին»:
Aerofugia-ն, որը Չինաստանի առաջատար ավտոարտադրողներից մեկի՝ Zhejiang Geely Holding Group-ի դուստր ընկերությունն է, Հոնկոնգը դիտարկում է որպես հեռանկարային ուղղություն իր թռչող ավտոմեքենայի մատակարարման համար։ Ընկերությունը մշակել և ներկայացրել է AE200 էլեկտրական ուղղահայաց թռիչք և վայրէջք իրականացնող (eVTOL) ինքնաթիռը, որը կարող է տեղափոխել մինչև հինգ ուղևոր։
Հոու Իի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ՉԺՀ հատուկ վարչական շրջանի՝ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Ջոն Լին հայտարարել էր, որ մեգապոլիսը նախատեսում է ակտիվորեն զարգացնել ցածր բարձրության փոխադրումների ոլորտը, այդ թվում՝ ԱԹՍ-ների կիրառմամբ։
Չինաստանի իշխանությունները ցածր բարձրության տրանսպորտի զարգացումը դիտարկում են որպես արդյունաբերական աճի կարևոր բաղադրիչ։ Վերջին շրջանում Պեկինը մի քանի քայլ է ձեռնարկել «ցածր բարձրության տնտեսության» զարգացման արագացման ուղղությամբ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։
